Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հաղթական ավետիսը:
Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը: Հայրապետական պատարագին մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, այս օրերին Հայրենիքում գումարված Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 88-րդ Ընդհանուր ժողովի մասնակիցները` գլխավորությամբ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության եւ մշակույթի գործիչներ, բազում ուխտավորներ:
Ս. Հարության տոնի առիթով Մայր Աթոռում էին գտնվում Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները, Մայր Աթոռի «Էռնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտները եւ ՀԲԸՄ Երեւանի սկաուտական խմբի անդամները:
Հայրապետական հանդիսավոր թափորի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախագահի գլխավերեւում ամպհովանին կրում էին ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, «Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը եւ ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Ս. պատարագին Նորին Սրբությանը` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը բերկրառատ տոնի կապակցությամբ հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին: