Save the Children միջազգային բարեգործական կազմակերպությունը մտահոգ է ինտերնատներում ապրող չինացի դպրոցականների հանդեպ սեքսուալ և ֆիզիկական բռնության ռիսկի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կազմակերպության տեղեկությամբ՝ խնդիրը կառավարության կողմից անհրաժեշտ վերահսկողության և մեխանիզմի բացակայությունն է, որը դպրոցականներին թույլ կտա հայտնել ուսուցիչների վարքում շեղումների մասին:
Չինական ԶԼՄ-ները պարբերաբար հայտնում են ինտերնատներում, որտեղ ապրում է 5 տարեկանից սկսած առնվազն 30 մլն անչափահաս, բռնության դեպքերի մասին:
Այդ երեխաներից շատերը ստիպված են գյուղերում մնալ երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով՝ մինչ նրանց ծնողներն աշխատանք են փնտրում խոշոր քաղաքներում: