Վանի Աղթամար կղզում ճագարների արագ բազմացումը վտանգի տակ է դրել Սուրբ Խաչ հայկական պատմական եկեղեցին, տեղեկացնում է թուրքական Haber 7 կայքը։
Կենդանիների բազմացումը վնաս է հասցնում ինչպես կղզու բուսականությանը, այնպես էլ եկեղեցուն։
Թուրքիայի պատկան մարմինները, այդ թվում՝ Վան նահանգի մշակույթի ու զբոսաշրջության վարչությունը, ճագարների թվաքանակը նվազեցնելու նպատակով քիմիական, կենսաբանական, ինչպես նաև հրացանով որսալու տարբերակը չեն կիրառելու, փոխարենն այլ քայլեր են ձեռնարկվելու։
Խնդրի վերաբերյալ պատրաստված զեկույցում նշվում է, որ «բարի նպատակներով» կղզում բաց թողնված 8 ճագարների բազմացումը վնաս է հասցնում եկեղեցուն։
Համապատասխան մարմինները քննարկել են և որոշել կղզում գտնվող ճագարներին մեխանիկական ճանապարհով բռնել և կրճատել նրանց թիվը՝ կարգավորելով խնդիրը։
«Հուսով ենք, որ հաջողության կհասնենք, չնայած ճագարների հարցով զբաղվելը դժվար է։ Ամռան ընթացքում փորձելու ենք բռնել նրանց, եթե տեսնենք, որ չի ստացվում, կրկին քննարկում կկազմակերպենք՝ այլ տարբերակներ որոշելու համար»,- ասել է ճագարների հարցով համապատասխան զեկույցի հեղինակ Լոքման Ասլանը։