Հասարակություն 

Հարցվածների 40%-ը ասել է, թե կարծում է՝ Պերմյակովը չի գործել միայնակ. GALLUP International Association

Հարցվածների 99.9 տոկոսը տեղյակ է եղել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին, և նրանցից  86 տոկոսը այդ մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, լրատվական կայքերից-ինտերնետից` 34 տոկոսը, շրջապատից` 25 տոկոսը, 10 տոկոսը՝ ֆեյսբուքից: Սա պարզել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցումը, որն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

 

Ի դեպ, հարցվածների 87 տոկոսը կարծել է, որ  Պերմյակովը ձերբակալվելուց հետո պետք  է հանձնվեր հայկական կողմին, իսկ ընդամենը չորս տոկոսն է նշել, որ նա պետք է հանձնվեր ռուսական 102-րդ բազային:

 

«Ըստ Ձեզ, ո՞րն  է այդ հանցագործության իրականացման առավել հավանական տարբերակը» հարցին հարցվածների 40 տոկոսը ասել է, որ կարծում է՝ Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ, 29 տոկոսը կարծել է՝ հանցագործությունը ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, 22 տոկոսը համարել է, թե հանցագործությունը Ադրբեջանի, Թուրքիայի կողմից կազմակերպված հերթական դիվերսիան էր, 13 տոկոսը համարել է, որ հանցագործությունը կազմակերպված էր արտաքին ուժերի կամ այլ երկրների կողմից, և 11 տոկոսն է ընդամենը նշել,  որ հենց Պերմյակովի կողմից կատարած հանցանք է եղել»,-ասաց Արամ Նավասարդյանը:

 

Հարցվածների 35 տոկոսը գտել է, որ հանցագործության հետաքննությունը պետք է իրականացնեն հայ քննիչները, 1 տոկոսը՝ ռուս քննիչները, և համատեղ՝ 59 տոկոսը:

 

Բացի այդ հարցվածների 87 տոկոսը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանում՝ ՀՀ օրենքներով, 11 տոկոսը նշել է, որ պետք է դատեն Հայաստանում՝ Ռուսաստանի օրենքներով, և ընդամենը  2 տոկոսն է նշել, որ պետք է դատել ՌԴ-ում՝ այնտեղի օրենքներով:

 

Հարցին, թե ինչպես կընթանա դատավարական գործընթացը, 78 տոկոսը նշել է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա իրական պատճառների մասին: Հարցվածների 49 տոկոսը ասել է, որ կարծում է՝ Պերմյակովի համար որպես պատիժ պետք է սահմանվի մահապատիժը, 35 տոկոսը՝ ցմահ ազատազրկում, երկարաժամկետ ազատազրկում՝ 3 տոկոսը, 10 տոկոսը դժվարացել է պատասխանել:

 

Մեկից հինգ բալանոց սանդղակով քաղաքացիները բացասական են գնահատել ՀՀ դատախազի, ոստիկանապետի,  վարչապետի, ԱԺ նախագահի, ՌԴ դեսպանատան, ՌԴ Նախագահի գործելաոճը:

Նույն շարքից