«Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչ հիմքով են վերջինիս շարունակում կալանքի տակ պահել, ասաց, որ վերջին անգամ կալանքի ժամկետը երկարացնելիս որպես հիմնավոր կասկած դրվել է Կարեն Բաբակեխյանի ցուցմունքը և սա այն դեպքում, որ Բաբակեխյանի դրվագով քրեական գործի վարույթն արդեն կարճվել էր. «Բոլոր որոշումները տիպային են, եթե ամսաթվերը փոխենք, կստացվի, որ դրանք նույն որոշումն են: Դատավորը նույնիսկ չի կարդացել դրանք, որպեսզի Կարեն Բաբակեխյանի անունը հանի:
Մյուս հիմքն այն է, որ Անի Հովհաննիսյանն ազատության մեջ գտնվելով կարող է հրապարակումներ կատարել: Ստացվում է, որ հրապարակումներ կատարելը հանդիսանում է անձին կալանքի տակ պահելու հիմք: Նշեմ, որ Analitik.am կայքը մշտապես աշխատել է, աշխպատում է նաև այժմ՝ անդրադառնալով ՎՏԲ բանկում ադրբեջանական կապիտալի առկայությանը: Ի դեպ ասեմ, որ այդ բանկում ադրբեջանական կապիտալի առկայության փաստը հաստատել են նաև բանկի աշխատակիցներն իրենց ցուցմունքներում: Այսինքն՝ այդ հրապարակումները պատիվը կամ արժանապատվությունը նսեմացնող հրապարակումներ չեն, դա իրականությունն է: Ես էլ չեմ խոսում այն մասին, որ քրեական դատավարության օրենսգրքով հրապարակումը չի կարող անձին կալանքի տակ պահելու հիմք հանդիսանալ»:
Այն հարցին, թե ինչում է մեղադրվում Անի Հովհաննիսյանը և ինչ պատիժ է նախատեսված դրա համար, Սիմոնյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել շորթման երկու դրվագով. «Տիգրան Ուրիխանյանի շորթման մասով նախատեսված է տուգանք կամ մինչև 4 տարի ազատազրկում, իսկ ՎՏԲ բանկի մասով նախատեսված է ազատազրկում 3-7 տարի ժամկետով»:
Դատապաշտպանը նաև պատասխանեց հարցին, որը վերաբերում էր Անիի ձերբակալությունից հետո տարածված տեսանյութին՝ նշելով, որ քրեական գործում նման տեսանյութ ուղղակի չկա, ինչից ակնհայտ է դառնում, որ դա կեղծ սարքված տեսանյութ էր, առավել ևս, որ Անի Հովհաննիսյանը հենց սկզբից հերքել էր դա:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ մինչև դատավճիռն Անի Հովհաննիսյանը անմեղ է և այն հարցին՝ արդյո՞ք Տիգրան Ուրիխանյանի ելույթներում հակաօրինական բովանդակություն չկա: Սիմոնյանն ասաց, որ վերջինս մի քանի անգամ իր ելույթներում շեշտել է «շորթող Անի», «հանցագործ Անի» և այլն՝ հավելելով, որ այդ մասով Անի Հովհաննիսյանն առանձին հայցով դիմել է դատարան՝ պատվի և արժանապատվության հարցի վերաբերյալ, և գործը գտնվում է դատական քննության փուլում:
Բանախոսը վերջում հույս հայտնեց, որ դատարանն օբյեկտիվ կլինի և ՀՔԾ-ից ավելի անկախ կգործի՝ զերծ մնալով ՎՏԲ բանկի ճնշումներից: