Passport Index պորտալը հրապարակել է աշխարհի ամենահզոր անձնագրերի ցուցակը: Ցուցակը կազմվել է հաշվի առնելով այն երկրների թիվը, որտեղ կարող են այս կամ այն երկրի քաղաքացիություն ունեցողներն այցելել առանց վիզայի:
Ցուցակում առաջին հորիզոնականում հայտնվել է Գերմանիան, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 157 երկիր: Երկրորդ հորիզոնականը կիսում են Շվեդիան և Սինգապուրը: Այս երկրների քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել 156 երկիր:
Եռյակը եզրափակում են Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: Վերոնշյալ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 155 երկիր:
Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 58 երկիր: ՀՀ-ն ցուցակում 67-րդն է: Մեր հարևաններից Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 67 երկիր (58-րդ հորիզոնական), Ադրբեջանի՝ 61 (64-րդ հորիզոնական):
Ցուցակում վերջին հորիզոնականում հայտնվել է Աֆղանստանը, որի քաղաքացիները մուտք ունեն միայն 23 երկիր: