ՀՀ Ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն` Հայաստանը 2017 թ.–ից կանցնի 12–ամյա պարտադիր կրթության։
Հիմա Հայաստանում պարտադիր է իննամյա կրթությունը։
Առաջին ընթերցմամբ փոփոխություններն ընդունվել են դեռևս 2014 թ.–ի մայիսին, որոնց համաձայն` 12–ամյա կրթությունը երկրում պետք է պարտադիր դառնար 2016 թ.–ից։
Նախատեսվում էր քվեարկությունն անցկացնել նախօրեին, սակայն խորհրդարանական ընդդիմությունը պահանջեց հետաձգել քվեարկությունը և կրկին քննարկել դա ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ։
Մասնավորապես, ընդդիմությունը դեմ է պարտադիր բաղադրիչին` կարծելով, որ պետությունն ի վիճակի չէ ապահովել պատշաճ անվճար կրթություն նման սեղմ ժամկետներում։
Քննարկման արդյունքում որոշում է ընդունվել մինչև 2017 թ.–ը հետաձգել 12–ամյա պարտադիր կրթությունը։
«Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունները ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ, մնացած խմբակցությունները կողմ են քվեարկել։
Այսպիսով` օրինագիծն անցել է 85 «կողմ» ձայնով, 27–ը ձեռնպահ են մնացել։