Հասարակություն 

ՀՀ արդարադատության նախարարը հրաժարվեց մեկնաբանել «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների ձերբակալության փաստը

analitik.am

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամների ձերբակալության փաստը՝ պատճառաբանելով, որ հետաքննության փուլում է գործը գտնվում։

 

 

«Ծանոթ եմ գործին այնքանով, որքանով ծանոթ եմ մամուլի հրապարակումներից, ծանոթ եմ տարբեր կազմակերպությունների տեսակետներին, բայց քանի որ գործը հետաքննության փուլում է, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություն անել այս գործերի հետ կապված»,- ասաց նա։

 

 

Դիտարկմանը, թե շատերը հայտարարում են, որ նրանք խղճուկ բանտարկյալներ են, որովհետև միայն գաղափարներ են արտահայտել և որևէ գործողության չեն դիմել, նախարարը պատասխանեց. «Ես ստիպված եմ կրկնելու իմ պատասխանը, քանի որ քննության հետ կապված խնդիրներից ելնելով ձեռնպահ եմ մնում կարծիք արտահայտելուց գոնե այս փուլում։ Կարծում եմ, որ հարցումները համապատասխան մարմիններին պետք է ներկայացնեք»։

 

 

Որպես իրավաբան ևս նախարարը կատարվածը չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ իր ցանկացած խոսք կդիտարկվի իբրև նախարարի պատասխան։

 

 

Հարցին, թե Քննչական կոմիտեն չի խախտել անմեղության կանխավարկածը՝ մամուլի հաղորդագրության մեջ նշելով՝ «Կանխվել են զանգվածային անկարգություններ», այն դեպքում, երբ դա դեռ ապացուցման կարիք ունի, նախարարը պատասխանեց. «Ոչ չեմ տեսնում, անձ հիշատակված չէ»։

Նույն շարքից