Հասարակություն 

Հայաստանում սողանքային աղետի կառավարման ծրագիրը վերջնական փուլում է

Հունվարի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA/ՃՄՀԳ) հետ համագործակցող անկախ փորձագետ Հիրո Օկուդայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել 2014 թ.-ին մեկնարկած՝ «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» ծրագրի վերջնական գնահատման ընթացքում կատարված աշխատանքներն ու արդյունքները:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը ողջունեց հյուրերին, նշեց, որ միասին աշխատաելու դեռ բազամթիվ ուղղություններ կան, որոնք, անկասկած, կիրագործվեն:

ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Դավթյանը նույնպես անդրադարձավ համագործակցությանը՝ նախանշելով արդեն գրանցված հաջողությունները.

-Արդեն երրորդ տարին է, որ աշխատում ենք սողանքների կառավարման ուղղությամբ ու հիմա ժամանակն է արդյունքները տեսնելու: Սա լավ նախադրյալ է հետագայում մեր համագործակցությունը շարունակելու համար:
Ճապոնական կողմը ևս շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց կատարված աշխատանքները

-Ծրագիրը բավական հաջող ծրագիր է՝ նախատեսված արդյունքները ստանալու տեսանկյունից: Հուսով ենք, որ ամեն բան դրական ընթացք կունենա:

Հանդիպմանը քննարկվեցին նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում սողանքային լանջերի վրա ակտիվացումներ գրանցող խորքային և մակերևութային էլեկտրոնային տվիչների տեղադրման և չափումների արդյունքում ինժեներապաշտպանական միջոցառումներ իրականացնելու համար ընտրվել էին ՀՀ Շիրակի մարզի Առափի և Տավուշի մարզի Գետահովիտ համայնքները:

Պիլոտային ծրագրով՝ որպես 3-րդ տեղամաս, ընտրվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքը: Այստեղ տեղադրված սողանքի տեղաշարժը չափող 2 էլեկտրոնային, խորքային էքստենզոմետրներից բացի, Երևան-Գառնի ավտոճանապարհի այդ հատվածին հարող լանջի տարբեր տեղերում տեղադրվել են 4 մակերեսային պարզագույն չափիչ սարքեր:

Նույն շարքից