Հասարակություն 

Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» նոր հավաքածուի ցուցադրությանը

analitik.am

Գույներ, համադրություններ, հակադրություններ. այսպես բնորոշեցին հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» նոր հավաքածուն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ներկայացվեց «Meridian Expo Centre»-ում:

 

 

Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն էր ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ:

 

 

Դիզայները կատարելության է հասցնում 1915­ին վերապրած հայ կին­անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել: Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20­րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչվելու արդյունք են:

 

 

Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և այլ մեծանուն նկարիչների փորագրանկարներն են:

 

 

Միջոցառումն անցկացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Միջոցառման իրականացմանը նպաստել էր նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը:

 

 

Ներկայացվող ցուցադրության առանձնահատկություններից էին ոսկերիչ­ դիզայներ Նուռի՝ հատուկ այս ցուցադրության համար ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարում էին հավաքածուի նմուշները:

 

 

«Հայ ազգն ունի հարյուրավոր տաղանդավոր նկարիչներ: Որոշեցի, որ հայ կինը միշտ տանջված չի եղել: Գտա ազնվազարմ, բարձրաճաշակ կանանց նկարներ: Որոշեցի սկսել այդտեղից. ինչպիսի՞ն է եղել հայ կինը և ի՞նչ պատահեց նրա հետ: Հայ կինը հայրենակորույս եղավ, բայց չդավաճանեց հայրենիքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց հավաքածուի հեղինակ Լիլիթ Մարգարյանը:
 



ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ խոսելով ցուցադրության մասին, ասաց.«Տեսանք գույներ, համադրություններ, հակադրություններ: Տեսանք մեր հզոր նկարիչներից վերցված գույներ և ձևեր: Կարծում եմ, որ ցուցադրությունը ստացվեց: Միշտ չէ, որ հնարավոր է այսքան խստապահանջ հանդիսատեսին 100 զգեստ ներկայացնելը: Ուրախ եմ, որ մեր նորաձևության մեծերը «ձեռք են մեկնում» մեր նկարիչ մեծերին»։
 



Նա նշեց, որ ցուցադրության համար հատկացվել է 3 միլիոն դրամ:
 



Ներկայացվեց մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով:



 

 

 

 

Նույն շարքից