Իրանի մեջլիսի ավելի քան 70 պատգամավոր իրանցիների՝ Սաուդյան Արաբիա կատարվող ուխտագնացությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ են ստորագրել։ Այս մասին Mehr գործակալությանը հայտնել է խորհրդարանի՝ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի մամուլի քարտուղար Հոսեյն Նաղավի Հոսեյնին։
«Իրանցի ուխտագնացների հանդեպ Ջիդդայի օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների հանդուգն ու անհարգալից վերաբերմունքը վերջին ժամանակներս բավական հաճախ կրկնվող երեւույթ է»,- ընդգծել է նա։ Հանձնաժողովի կարծիքով՝ մեջլիսը պետք է դադարեցնի բոլոր ուխտագնացությունները, մինչեւ Սաուդյան Արաբիայի իշխանությունները անվտանգության երաշխիքներ չտան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։