Հասարակություն 

«Ծաղիկ Ռուբոն»՝ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին. news.am

analitik.am

Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել, ինչի են նրանց փակել, բայց եթե քրեորեն ծանր հանցագործություն չկա, ինձ թվում է՝ աչքի ընկած կռված տղերքի նկատմամբ այլ մոտեցում պետք է լինի: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր, Երդվյալ Ազատամարտիկների միության ղեկավար Ռուբեն Գեւորգյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե ինչպես եք վերաբերում Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններին:

Ռուբեն Գեւորգյանը շեշտեց, որ նրանց կողմից իրավական դաշտում, օրենքի խախտմամբ կամ հակառակ օրենքի կատարվածի մասին ոչինչ ասել չի կարող, դա իրավական դաշտի գործն է: «Բայց որ Ժիրայր Սեֆիլյանը եւ իր հետ ձերբակալվածները արցախյան պատերազմում անմնացորդ նվիրումով կռված տղերք են, դա եւ մեզ՝ բոլոր կռվածներիս, եւ Արցախի ժողովրդին է հայտնի: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել, ինչի են նրանց փակել, բայց եթե քրեորեն ծանր հանցագործություն չկա, ինձ թվում է  աչքի ընկած կռված տղերքի նկատմամբ այլ մոտեցում պետք է լինի»:

Նա հավելեց, որ ճիշտ չի համարում նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեման օգտագործել ինչ-ինչ նպատակների հասնելու համար, քանի որ ամեն մի գործունեություն՝ լինի քաղաքական, թե հասարակական, ունի իր ժամանակը եւ դաշտը:

Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ։ Քննչական կոմիտեից հայտնում են, թե ձերբակալվել են  Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը եւ Արամ Հակոբյանը։ Կասկածյալների եւ նրանց հարազատների կողմից հրավիրված փաստաբանները ներգրավվել  են որպես պաշտպաններ։

Ժիրայր Սեֆիլյանի եւ Գարեգին Չուքասզյանի պաշտպանությունն ստանձնել են փաստաբաններ  Տիգրան Եգորյանը եւ Հայկ Գրիգորյանը, Պավել Մանուկյանի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Հայկ Գրիգորյանը, իսկ Գեւորգ Սաֆարյանինը՝ փաստաբան Գեւորգ Դավթյանը։ Կասկածյալ Վարուժան Ավետիսյանի շահերը ներկայացնում է 4 փաստաբան՝ Տիգրան Եգորյանը, Հայկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը եւ Գեւորգ Դավթյանը։

Նույն շարքից