Հասարակություն 

Սենդայի գործողությունների ծրագիրը՝ գործողության մեջ. զարգացվում են ԱՌՆ կարողությունները

Հունվարի 24-ին «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ «Աղետների ռիսկի կառավարում և ԱՌՆ երեխայակենտրոն մոտեցումներ» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները։ Աշխատաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամը։

Միջոցառման նպատակն էր նպաստել որոշում կայացնողների, ղեկավարների և մասնագետների շրջանում ԱՌՆ կարողությունների զարգացմանը և երեխայակենտրոն բաղադրիչի ներառմանը զարգացման պլաններում:

Սեմինարն անցկացվեց «Դիմակայունության բարձրացումը Հարավային Կովկասում երեխայակենտրոն ԱՌՆ-ի միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։

Նշենք, որ ԱՌՆ ազգային պլատֆորմի շրջանակներում այս ձևաչափով միջոցառում առաջին անգամ էր կազմակերպվում, երբ մեկ տեղում էին հավաքվել ՀՀ բոլոր նախարարությունների և կառավարությանն առընթեր կառույցների ԱՌՆ պատասխանատուները։ Մասնակցում էին նաև ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աշխատակիցներն ու ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ ԱՌՆ ոլորտային խնդիրներ, որոնք ծառացած են հանրապետության առջև։

Աշխատաժողովը կրում էր ներածական բնույթ, և դրա ընթացքում ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

• Սենդայի գործողությունների ծրագիրը՝ գործողության մեջ․ արձագանքումից դեպի կանխարգելման ռազմավարություն,
• Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիր,
• Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում երեխայակենտրոն մոտեցումների կիրառումը,
• Աղետների ռիսկի կառավարման հիմունքներ,
• Աղետների ռիսկի նվազեցման գործընթացների ներառումը զարգացման ծրագրերում։
Մասնակիցները միակարծիք էին, որ այս ձևաչափի միջոցառումների անցկացումն ԱՌՆ ոլորտում ամուր համագործակցության ձևավորման և ԱՌՆ խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորություն կընձեռի։

Նույն շարքից