Հասարակություն 

Լեւոնն ուղեկցում է Քիմին, ես սպասում եմ Ջորջ Քլունիին. Նաիրա Կարապետյան. news.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ամենեւին էլ դեմ չէ Քիմ Քարդաշյանին այցին, ավելին՝ նա առաջիններից մեկն էր, ով ողջունեց ամերիկյան հեռուստաստղի այցը Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղար Նաիրա Կարապետյանը՝ անդրադառնալով երեքշաբթի օրը Աժ-ում արած իր հայտարարությանը, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել:

«Քիմ Քարդաշյանի Հայաստան գալու վերաբերյալ իմ խոսքը ոչ միայն ներկայացվել է տեքստից դուրս՝ անջատված և խեղաթյուրված, այլև մատուցվում է որպես իմ վրդովմունք՝ Քիմի այցի դեմ։ Ցավում եմ, որ մինչ այս պահը դեռ քննարկվում և մեկնաբանվում է իմ «ընդվզումը» Քիմի դեմ, այն դեպքում, երբ ես առաջիններից եմ եղել, որ ողջունել եմ նրա այցը հայրենիք։ Քիմի այցի արդյունքները, դեռ 24 ժամ չանցած, արդեն իսկ տեսանելի են՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում։ Կցանկանայի, որ հնարավորինս շատ հայեր այցելեին Հայաստան, և ոչ միայն այս տարի»,-ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչպես եք վերաբերում, որ ձեր կուսակից գործընկեր Լեւոն Մարտիրոսյանը ակտիվորեն ուղեկցում է Քիմին, ավելին՝ պատրաստ է հանուն նրա կուսակցափոխ լինել. Նաիրա Կարապետյանը ժպտալով պատասխանեց. «ՄԻԱԿ-ում տարանջատում կա. Լեւոնը ուղեկցում է Քիմին, իսկ ես սպասում եմ Ջորջ Քլունիի գալուն, եթե նա էլ գա եւ ղեկավարի որեւէ կուսակցություն, օրինակ՝ «Ժառանգությունը», պատրաստեմ եմ անդամագրվել այդ կուսակցությանը»:

Նշենք, որ Լեւոն Մարտիրոսյանը Քիմ Քարդաշյանի հետ ընթրել էր Հյուսիսային պողոտայի «Պրովանս» ռեստորանում: Նա առաջարկել էր Քիմին տանել Աժ եւ զարմացնել, սակայն ժամանակի սղության պատճառով նախաձեռնությունը թերեւս իրականություն չի դառնա: Մինչ հայտնի աստղի Հայաստան գալը, պատգամավորը Քիմ Քարդաշյանին առաջարկել էր ԲՀԿ ղեկավարի պաշտոնը, սակայն կուսակցությունը ուրիշ որոշում էր կայացրել: «Քարդաշյանը լավ ղեկավար կլիներ, եթե ինքը ղեկավարեր ԲՀԿ-ն,  եւ ես, եւ բազմաթիվ քաղաքական գործիչներ կանդամակցեինք, բայց իրենք իրենց որոշումը կայացրեցին»,-ասել է  պատգամավորը:

Նույն շարքից