Գլխավոր Հասարակություն 

Տեղի ունեցավ Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը

analitik.am

Այսօր՝ փետրվարի 1-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը:

Նշենք, որ նիստին ներկա չէր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով որևէ պատճառաբանություն չէր ներկայացրել:

Նիստից հետո Հովհաննիսյանի դատապաշտպան  Լիպարիտ Սիմոնյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշեց միջնորդությունը մերժել և Անի Հովհաննիսյանին թողնել կալանքի տակ:

Ինչ վերաբերում է  այն հարցին, թե ինչ ժամանակով երկարաձգվեց կալանքը, պարոն Սիմոնյանն ասաց, որ ժամկետ չի նշվել. «Ըստ էության, իմ վիճարկած թեման նաև այն էր, որ դատարանում կալանքի առավելագույն ժամկետը չի սահմանվում, որը հակասում է կոնվենցիայի սկզբունքներին: Դատարանը գոնե պետք է  հստակ ձևակերպումներ տար, թե ինչ ժամկետով է անձը պահվելու կալանքի տակ»:

-Իսկ ի՞նչ հիմքով են Անի Հովհաննիսյանին շարունակում պահել կալանքի տակ:

-Հիմքերը ենթադրություններ են, որ նա կարող է թաքնվել, ազդել վկաների վրա:

-Դատական մյուս նիստը ե՞րբ է տեղի ունենալու:

-Դատական մյուս նիստը նշանակվել է փետրվարի 16-ին: Այդ նիստի ժամանակ արդեն անմիջականորեն կհետազոտվեն գործում առկա նյութերը, այսինքն՝ ենթադրյալ ապացույցները:

Սիմոնյանը նաև ասաց, որ մեղադրողը հայտարարել է, թե այս պահին չի կարող ներկայացնել մեղադրանքում տեղ գտած որոշակի հիմքեր. «Դրանով նա փաստեց, որ գործը, ըստ էության, առանց բավարար ապացույցների ուղարկվել է դատարան: Մեղադրողին հարց ուղղվեց մեղադրանքի էության  մասին, խոսքը մասնավորապես վերաբերում է «տարաբնույթ» ձևակերպմանը, իսկ նա պատասխանեց, որ քննության ընթացքում կպարզվի»:

Լուսանկար՝ News.am

Նույն շարքից