Հասարակություն 

Երևանի քաղաքապետին շնորհվել է «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վասպուրական» հայրենակցական միության վարչության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին և առանձնակի կարևորելով միության գործունեությունը՝ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել միության ծրագրերի իրականացմանը:

«Երևանի քաղաքապետարանը համագործակցում է տարբեր հայրենակցական միությունների հետ, որոնց բոլորի առաքելությունը մեկն է՝ հայրենասիրություն սերմանել մատաղ սերնդի մեջ և հիշել ու պայքարել հանուն մեր պատմական հայրենիքի: Հետևում եմ «Վասպուրական» հայրենակցական միության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին և համոզված եմ, որ միության հետ համագործակցության ընդլայնումը կտա իր դրական արդյունքները», - նշել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս հավելել, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցելու միության հայրենանվեր բոլոր նախաձեռնություններին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «Վասպուրական» հայրենակցական միության վարչության նախագահի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը նշել է, որ միությունը նպատակ ունի վառ պահել Վան-Վասպուրականի հիշողությունը, պատմական հայրենիքից անբաժան լինելու զգացողությունն ու դրան հավատարիմ մնալու գաղափարը՝ այն փոխանցելով սերնդեսերունդ:

«Պարոն քաղաքապետ, «Վասպուրական» հայրենակցական միությունն ունի շուրջ 2000 անդամ, և մեզ համար իսկապես կարևոր է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության առավել ակտիվացումը: Մենք մշտապես հետևում և ողջունում ենք Ձեր բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են սերունդների հայեցի դաստիարակությանն ու հայապահպանությանը», - նշել է Հարություն Մարությանը:

Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են համագործակցության հնարավոր ընդլայնման ուղղությունները, որոնք համակողմանի քննարկումներից հետո կստանան ծրագրային ընթացք:

Երևանի քաղաքապետարանի և «Վասպուրական» հայրենակցական միության միջև սերտ համագործակցության, ինչպես նաև միության գործունեությանն աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհվել է «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր անդամի կոչում:

Նույն շարքից