Քաղաքականություն 

Կաձումի Մացուին հույս է հայտնել, որ Հայաստանի քաղաքները կընդգրկվեն «Քաղաքապետեր՝ հանուն խաղաղության» կազմակերպության կազմում

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ վստահեցրել, որ թեեւ Հերոշիմա եւ Երեւան քաղաքների համագործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակում, այդուհանդերձ ինքը պատրաստ է առավել խորացնել այն, հատկապես, որ Երեւանն ընդգրկվել է «Քաղաքապետեր՝ հանուն խաղաղության» կազմակերպության կազմում: Քաղաքապետ Կաձումի Մացուին հույս է հայտնել, որ Հայաստանի այլ քաղաքներ եւս կանդամագրվեն այդ կազմակերպությանը:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել. «Մենք տպավորված ենք՝ տեսնելով, թե այս տարիների ընթացքում ինչպիսի տպավորիչ նվաճումների է հասել Ճապոնիան զարգացման արդյունավետ ռազմավարության շնորհիվ»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Հերոշիմայի Խաղաղության հուշահամալիրի թանգարան, որտեղ ծանոթացել է ատոմային ռմբակոծությունը վկայող փաստերին: Հարգելով անմեղ զոհերի հիշատակը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գաուստ Սահակյանը ծաղկեպսակ է խոնարհել Զոհերի հուշահամալիրում:

Գալուստ Սահակյանը գրառումներ է կատարել Հերոշիմայի քաղաքապետարանի, Հերոշիմայի Խաղաղության թանգարանի բարձրաստիճան հյուրերի հուշամատյաններում:

Հերոշիմայից հետո ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ճապոնիայի Կիոտո քաղաք, որտեղ եղել է Kiyomizu-dera եւ Kinkaku-ji տաճարներում ու Heinjingu սրբավայրում:


Նույն շարքից