Քարդաշյանն ինքն է որոշում ներգրավվե՞լ պահանջատիրության պայքարի մեջ, թե՝ ոչ։ Ինչո՞ւ ոչ, ի՞նչ պակաս պահանջող է որ. ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե կարելի է Քիմ Քարդաշյանին ներգրավել Հայոց ցեղասպանության պահանջատիրության պայքարի մեջ, պատասխանեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Թե ինչ ակնկալիքներ կան նման այցից, Ռուստամյանը նշեց, որ ակնկալիքներ ունեն նրանք, ովքեր շփվում են նրա հետ: «Չեմ էլ ուզում ուռճացված տեսք տան։ Հիմա հայ է եկել հայրենիք, պետք չէ երանգավորումներ տալ»,- ասաց նա և նշեց, թե շատերն ասում են, թե նրա ճանաչվածությունը պետք է օգտագործել:
«Իսկապես խնդիրը պետք է տեղափոխվի անձնական խիստ կոմպլեքսավորված դաշտից դուրս, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Եկել է հայրենիք և կարող է նաև նա օգտակար գործ անել: Մարդն իր զգացումներն ունի և այդ զգացումներով կարող է նպաստավոր գործ անել»,- ասաց նա:
«Քարդաշյանի ներգրավվածությունը պե՞տք է պահանջատիրության գործին, թե՝ ոչ» հարցին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը միանշանակ չի կարող պատասխանել. «Կրքոտ է ասել պահանջատիրության հարցում ներգրավվում»:
Հակոբյանը նկատեց՝ այսպես, թե այնպես, նաև Քարդաշյանի առիթով Հայոց ցեղասպանության հարցը մտավ միջազգային լրահոս, ինչը ողջունելի է:
«Եթե մեկը կա, որ կարող է նեղանալ, դա Քիմ Քարդաշյանի ամուսինն է, ինքը աշխարհահռչակ ռեփ կատարող է: Մենք ունենք ռեփի սիրահարներ, որոնք կարող են նրա հետ քննարկել հարցեր և վստահ եմ, Ցեղասպանության հարցն էլ կքննարկվի»,- ասաց նա:
Հարցին՝ համաձա՞յն եք, որ Քիմ Քարդաշյանը 2 օրում արեց այնքան բան, որքան 20 տարում մեր դիվանագիտությունը չէր կարող անել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ Քարդաշյանի հետ կապված իր գիտելիքները սահմանափակվում են այսքանով:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե ցեղասպանության գործում Քարդաշյանը շատ ավելի լուրջ ներդրում ունի, քան բոլոր կեղծ հայրենասերները, ինչպիսին ըստ նրա, Շարմազանովն է: «Այս հարցում Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով»,-ասաց նա և նշեց, թե Քարդաշյանը հմայիչ կին է, որը լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին: