Քաղաքականություն 

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը միանում է Ծառուկյան դաշինքին

analitik.am

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայաստանը կանգնած է Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, որի արդյունքում ձևավորված խորհրդարանը ոչ միայն որոշելու է առաջիկա հինգ տարիների Հայաստանի քաղաքական կուրսը, այլ նաև ձևավորելու է կարևորագույն քաղաքական որոշումներ ընդունելու առաքելություն ունեցող  իշխանական վերնախավ:

Այս իրավիճակը պահանջում է երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերից դրսևորել համարժեք քաղաքական կեցվածք և համախմբել ուժերը երկրում արմատական դրական փոփոխությունների հասնելու համար: Այս առումով Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն քաղաքական այլընտրանքային բևեռ ձևավորելու լուրջ ներուժ է պարունակում:

2014թ. –ից ի վեր Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցել է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ մաս կազմելով համաժողովրդական շարժման, իսկ 2015թ. տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո շարունակել է արդյունավետ փոխգործակցությունն Ազգային ժողովում, Բարգավաճ Հայաստանի հետ միասնական ցուցակով մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Տարիների այս սերտ համագործակցությունը մեր կուսակցությունների միջև ապացուցել է իր կենսունակությունը, քաղաքական մոտեցումների ընդհանրությունը և ունի բոլոր հնարավորությունները շարունակվել նաև գալիք ընտրություններին և դրանցից հետո:

Ոսւտի՝Վերակազմյալ-Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ և գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, հայտարարում է, որ անկախ բանակցությունների վերջնարդյունքից միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանն ու կոչ է անում իր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և իրենց ձայնը տալ «Գագիկ Ծառուկյան» դաշինքին:

ՎՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ

Լյուդմիլա Սարգսյան

Նույն շարքից