Քաղաքականություն 

Փաշինյանը բոլորին հրավիրում է Բելոռուսի դեսպանատան մոտ. Լապշինի հարցը հասավ Ազգային ժողով

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ երեկ բելոռուսական կողմը հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Ադրբեջանին և վերջինս արդեն գտնվում է այդ երկրի Արդարադատության նախարարության մեկուսարանում: Տեղի ունեցածի մասով հայտարարություններ են տարածել  ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ ՄԻՊ-ը, Արցախի ՄԻՊ-ը և այլն:

Լապշինի մասին այսօր խոսեցին նաև ԱԺ-ում: Մասնավորապես ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ չպետք է սահմանափակվել այստեղ-այնտեղ տեղի ունեցածի մասին խոսելով և ԱԺ-ն իր դիրքորոշումը պետք է հայտնի:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով Քոքոբելյանին, ասաց, որ արդեն հայտնել է Հայ-բելոռուսական համագործակցության հանձնաժողովի դիրքորոշումը. «Սա խայտառակ քայլ է, որն ուղղված է Հայաստանի, Ռուսաստանի և խաղաղ կարգավորման դեմ: Որևէ ժողովրդավարական ռեժիմ նման քայլ չէր կարող անել: Սա կեղտոտ գործարք է»:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին բոլորին ժամը 15:00-ին հրավիրեց Բելոռուսի դեսպանատան մոտ հայկական կողմի բողոքի ձայնն արտահայտելու համար: Նա նաև տեղի ունեցածը հավասարեցրեց Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու հետ. «Մենք պետք է ետ կանչենք Բելոռուսում մեր դեսպանին»:

Կոշտ քայլերի մասին խոսեցին նաև իշխանական պատգամավորները՝ համաձայնելով Փաշինյանի առաջարկի հետ և դատապարտելով բելոռուսական կողմի քայլը:

«Հայ հանրության առջև ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն սկսում են արժեզրկվել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն նշեց, թե սա առաջին դեպքը չէ, որ Բելոռուսը կողմանակալ դիրքորոշում է ունենում: Նա նաև առաջարկեց բարձրացնել ոչ թե Հայաստանի, այլ՝ Բելոռուսի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը:

Ելույթ ունեցան տասնյակից ավել պատգամավորներ: Բոլորը կոչ արեցին հստակ քայլերով պատասխանել բելոռուսական կողմին և հայտնել հայկական կողմի դիրքոշորումը:

Նույն շարքից