Քաղաքականություն 

«Հայկական Վերածննդում» տիրում է խաբեության և ստորաքարշության մթնոլորտը. Արթուր Բաղդասարյանի թիմակիցները հեռանում են

analitik.am

Սիրելի հայրենակիցներ,

Նախկինում լինելով Լիբերալ Ժողովրդավարական կուսակցության նախագահը` ես եւ իմ գործընկերները մշտապես կողմ ենք եղել քաղաքական դաշտում գաղափարակիցների եւ համախոհների համախմբմանը։

2015թ.-ի հունիսին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և մի քանի այլ կուսակցությունների ղեկավարների հետ ես եղել եմ «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիրներից  եւ որպես հիմնադիր՝ ես և իմ քաղաքական թիմը լծվեցինք նոր կառույցի կազմավորման աշխատանքներին:

«Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիրներից  մեկն ու  կառավարման խորհրդի անդամ լինելուց բացի, ընտրվել եմ  «Հայկական Վերածնունդ» կուսակցության  Երիտասարդական միության նախագահ եւ 2015թ.-ին օգոստոս ամսից մինչ օրս ղեկավարել եմ ՀՎԿ Երիտասարդական միությունը։

Այսօր ես ցավով պիտի արձանագրեմ, որ ես եւ իմ թիմակիցները սխալվել ենք, երբ միամտորեն հավատում էինք, որ մաս ենք կազմում  ժողովրդական պահանջ ունեցող  ուժի եւ  գործընթացի։ Մինչդեռ, իրականությունը բոլորովին այլ էր։ «Հայկական Վերածնունդի» եւ նրա առաջնորդի որեւէ խոսք այդպես էլ գործ չդարձավ ու ակնհայտ է, որ երբևէ չի դառնալու։

Համատեղ անցած ճանապարհը ինձ թույլ չի տալիս այս պահին ասել ավելին։ Բայց  չեմ կարող չբարձրաձայնել, որ այն կեղծ եւ գաղջ մթնոլորտը, որը տիրում է «Հայկական Վերածննդում», խաբեության եւ ստորաքարշության այն մթնոլորտը, ժողովրդին խաբելու եւ մոլորեցնելու էժանագին պոպուլիզմը, այլեւս  անհամատեղելի են դարձնում իմ եւ իմ թիմի ներկայությունը «Հայկական Վերածնունդում»։

Ուստի, պաշտոնապես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս «Հայկական Վերածնունդ»կուսակցությունից,  հրաժարվում եմ` ՀՎԿ կառավարման խորհրդի անդամությունից, հրաժարվումեմ ՀՎԿ Երիտասարդական միության նախագահի պաշտոնից` վստահ լինելով, որ իմ մեծներդրումն եմ ունեցել ՀՎԿ–ի ձևավորման և կուսակցության Երիտասարդական միության կայացման գործում:

Բնականաբար, գիտակցում եմ, որ իմ այս քայլով արժանանալու եմ ոմանց քննադատությանն ու մեղադրանքներին, բայց վստահորեն կարող եմ ասել, որ ով շփվել է այդ թիմի հետ, ով նախկինումեղել է ՕԵԿ անդամ, ՀՎԿ անդամ, կհասկանա ինձ, որ Արթուր Բաղդասարյանի ստեղծած միջավայրը մեկ բան է թելադրում՝ կա՛մ ունենալ արժանապատվություն և հեռանալ ստի ու կեղծիքի այդ կուսակցությունից, կա՛մ հաշտվել այդ կառույցի խաղի անազնիվ կանոնների հետ։

Ես իմ ընկերները ընտրել ենք արժանապատվության ճանապարհը։

Մենք մեզ պատասխանատու ենք համարում մեր երկրի ապագայի համար, մենք կարող ուժ ենք եւ առաջիկայում կհայտարարենք, թե որ քաղաքական ուժին ենք սատարում։ Ուժ, որը ունի հանրային մեծ վստահություն եւ ունակ է երկիրը դուրս բերելու այս վիճակից։

Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախկին նախագահ,

«Հայկական Վերածնունդ» կուսակցության հիմնադիր անդամ
ՀՎԿ Երիտասարդական միության հիմնադիր նախագահ

Դավիթ Հարությունյան

Նույն շարքից