Թե ինչպես ժամերգության ընթացքում գյումրեցիների առջեւ փակվեցին Յոթվերք եկեղեցու դռները
Այսօր Գյումրի են այցելել ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքի անդամները: Նրանց մուտքը դեպի Սուրբ Յոթվերք եկեղեցի, բավականին մարդաշատ էր: Սակայն շատերը Քարդաշյաններին եկեղեցում մոտիկից տեսնելու հնարավորություն չունեցան: Քարդաշյանների` եկեղեցի մտնելուց անմիջապես հետո մուտքի դռները փակվեցին հարյուրավոր գյումրեցիների առջեւ, նրանց թվում էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Մոտ 3-4 րոպե շարունակ տարեց կանայք եւ տղամարդիկ Քարդաշյանների անվտանգությունն ապահովող ոստիկաններին բացատրում էին, որ եկեղեցու դռները չպետք է փակվեն, դրանք բաց պետք է լինեն յուրաքանչյուր մարդու առաջ: Սակայն ապարդյուն էին այս բացատրությունները, ոստիկաններն անդրդվելի էին: Ապա փակ դռների ետեւից լսվեց Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի բարձր ձայնը. «Սա եկեղեցի է, ապո՞ւշ եք դուք». հետո սրբազանն ամբողջությամբ բացեց եկեղեցու դռներն ու մի կողմ հրեց ոստիկաններին:
Եկեղեցում քար լռություն տիրեց, ապա Քիմին անգլախոս ուղեկցողները միմյանց շշուկով ասացին. ‹‹Գնանք, դուրս գնանք››: