Օրենքով գող Զապի՝ Անդրանիկ Սողոյանի ազատ արձակվելուց հետո, ըստ ամենայնի, նրա վերաբերյալ գործը Հայաստանում փակվել է, այստեղ նա համարվում է ազատ քաղաքացի: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե որ փուլում է Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ գործընթացը: «ՀՀ եւ Չեխիայի Հանրապետության միջեւ դատավճիռների ճանաչում նախատեսող երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագիր առկա չէ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ նմանատիպ դեպքերը բացառելու անհրաժեշտությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել եւ ՀՀ ԱԳՆ միջոցով Չեխիայի իրավասու մարմիններին է ուղարկել քրեական գործերով իրավական օգնության ոլորտը կարգավորող երկկողմ միջազգային պայմանագրի նախագիծ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Անդրանիկ Սողոյանի գործից մանրամասներ ճշտելու համար դիմեցինք նրա փաստաբան Վահագն Մարտիրոսյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այլեւս նրա փաստաբանը չէ, հունվարի վերջից այլեւս չի զբաղվում այդ գործով, ոչ էլ տեղյակ է մանրամասներից:
Ենթադրվում է, որ Անդրանիկ Սողոյանի գործը այդպես էլ կմնա, ՀՀ-ն իր քաղաքացուն չփոխանցեց, ոչ էլ Չեխիայից գործի նյութերը տվեցին: Բայց եթե Հայաստանում այժմ Սողոյանը ազատ մարդ է, ապա հնարավոր է մեր երկրի սահմաններից դուրս գալուց հետո խնդիրներ ունենա, եթե իհարկե միջազգային հետախուզումը վերացրած չլինեն եւ Զապին Չեխիայում արդարացրած չլինեն:
Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Բանն այն է, որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Իսկ այս հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվար ամսին: Հայաստանում Անդրանիկ Սողոյանին հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ ընտրվել էր 30-օրյա ժամանակավոր կալանավորում, այնուհետեւ այն երկարացվել է եւս երկու ամսով: Հունվարի վերջին դատարանը չէր երկարացրել Զապի կալանքը, նա ազատ էր արձակվել: Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ նյութերը դատախազությունը փոխանցվել էր Արդարադատության նախարարությանը: