Հասարակություն 

Ո՞վ փրկեց Քանյե Ուեսթին

Երեկ գիշեր Քանյե Ուեսթի համերգի ժամանակ արտառոց դեպք պատահեց՝ ռեփերը մտավ ջուրը, ում հետևեցին մի շարք երկրպագուներ: Ամեն ինչ իհարկե բարեհաջող ավարտվեց, որևէ մեկը չտուժեց, սակայն հարց է առաջանում ո՞ւմ ջանքերի արդյունքում ամեն ինչ լավ ավարտվեց:


Ինչպես գիտենք, ՀՀ-ում կա համապատասխան կառույց, որը պատասխանատու է արտակարգ իրավիճակների կարգավորման համար: Այդ կառույցի ղեկավարն էլ Արմեն Երիցյանն է, ում մարդկանց փրկելիս արված լուսանկարները բազմիցս տեսել ենք: Մենք չենք ուզում ասել, որ այդ ինքնասպանության փորձերը բեմադրված են եղել, ինչի համար էլ Արմեն Երիցյանը մի ոտք շուտ հասել է դեպքի վայր և հաջողված կադրերով հայտնվել ԶԼՄ-ներում:



Սակայն հետաքրքիր է, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհահռչակ ռեփերի բացօթյա համերգի ժամանակ Արմեն Երիցյանի փրկարարներից որևէ մեկը չկար: Մարդիկ ստիպված իրենց ուժերով փրկվեցին: Սա այն դեպքն էր, երբ խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների ձեռքի գործն էր:


Մի՞թե ՀՀ բյուջեից այդչափ ֆինանսավորում ստացող, այդքան գովաբանվող և փառաբանվող կառույցում չեն մտածել, որ տարատեսակ արտակարգ իրավիճակներ կարող էր տեղի ունենալ Քանյե Ուեսթի համերգի ժամանակ, թե՞ այդ փրկարարները հայտնվում են միայն այն դեպքի վայրերում, որոնց տեղի ունենալու մասին նախապես գիտեին:


Ինչևէ, analitik.am-ը հարցում է ուղարկել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որի պատասխանն ունենալուն պես կներկայացնենք ընթերցողներին:

Նույն շարքից