Քաղաքական 

Նեղանալը քաղաքական կատեգորիա չի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շարմազանովը պնդում է, թե նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, բայց թերթին հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ցուցակի վերջնական տեսքն ավելացրել է ՀՀԿ–ից նեղացածների ու ՀՀԿ ղեկավարության գործելաոճից դժգոհների թիվը: Որոշ մարդիկ, որոնց հետ ՀՀԿ–ն պայմանավորվել էր, առաջարկել էր առաջադրվել, վերջին պահին պետք չեկան ՀՀԿ–ին: Օրինակ՝ «Փաստին» հասած տեղեկություններով՝ ՀՀԿ–ն Սյունիքի նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանին Գերմանիայից էր հրավիրել առաջադրվելու, սակայն վերջին պահին նա դուրս մնաց ցուցակից: Նախկին ՀՀԿ–ական Խաչիկ Մանուկյանը ՀՀԿ խորհրդի նիստի օրը ևս համոզված էր, որ առաջադրվելու է ՀՀԿ ռեյտինգայինով, սական վերջում դուրս մնաց ցուցակից ու գնաց «Ծառուկյան դաշինք»: Կենտրոնից ընտրված պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ևս ՀՀԿ խորհրդի նիստից հետո ասաց, որ ՀՀԿ–ն իրեն առաջարկ է արել և ինքն առաջադրվելու է, սակայն նրա անունը ևս չկա ՀՀԿ ցուցակում:

Այս առթիվ «Փաստը» մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:

– Պարոն Շարմազանով, որոշ ՀՀԿ–ականներ, որոնց հետ ՀՀԿ–ն խոսել էր, նրանց առաջարկ էր արվել առաջադրվելու, վերջին պահին դուրս մնացին ցուցակից, էսպիսով ավելացավ ՀՀԿ–ից նեղացածների թիվը: Չե՞ք կարծում, որ թիմի հանդեպ նման մոտեցումը թուլացնում է այն ու ՀՀԿ–ից նոր նեղացածներ ավելացնում:

– Նեղանալը քաղաքական կատեգորիա չի: Բոլոր նրանք, ովքեր հեռացել են իրենց նախաձեռնությամբ, դա իրենց խնդիրն է, բոլորին բարի ճանապարհ եմ մաղթում և հաջողություն: Որևէ արտառոց բան չեմ տեսնում: Միայն ՀՀԿ–ից չեն հեռանում, քաղաքական պրոցեսը կենդանի գործընթաց է, և առաջին անգամ չի, որ այս կամ այն քաղաքական գործիչը ընտրությունից ընտրություն փոխում է իր կուսակցական պատկանելությունը կամ ցուցակում իր տեղակայման վայրը: Նայած՝ ում համար ինչն է առաջնային: Մարդ կա, ում համար առաջնային է սկզբունքը, մյուսի համար առաջնային է մանդատ ունենալը, մեկ ուրիշի համար առաջնային է կուսակցությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն ազատ է իր որոշման մեջ, որևէ նեղացվածություն չկա, ՀՀԿ–ում արշալույսները խաղաղ են, ավելի միասնական ենք:

– Ի վերջո՝ չե՞ք կարծում, որ էստեղ թիմի հետ աշխատանքի խնդիր է:

– Չեմ կարծում, ցուցակը գրվում է բազմաթիվ թեկնածուների հետ հանդիպման ու քննարկումների արդյունքում ու որոշում է կայացվում: Իսկ կազմակերպչական բարձր մակարդակը կերևա ապրիլի 2–ի ընտրություններից հետո, երբ որ կտեսնեք ԿԸՀ արդյունքները:

– Սակայն, մյուս կողմից, ՀՀԿ ցուցակում էլի նույն ու վստահություն չներշնչող դեմքերն են:

– Կխնդրեի որակումներ չտալ: ՀՀԿ ցուցակը ամենամրցունակն է, ամենահավակնոտն է ու ամենա հաջողություն բերողն է:

– Ասել է թե՝ ՀՀԿ–ի հույսն էլի Առաքել Մովսիսյանն է, Սեյրան Սարոյանն է, Միհրան Պողոսյանն է:

– Նախ՝ Առաքել Մովսիսյանը Արցախի հերոսներից է և առաջադրվել է ռեյտինգայինով, Արմավիրի բնակչությունը կորոշի՝ ընտրել, թե չընտրել: Դա բացառապես ժողովրդի խնդիրն է: Առաջինը` մենք հույսներս դրել ենք մեր կուսակցության, ժողովրդի իմաստության և Աստծո վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից