Հասարակություն 

Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցը շատ կարևոր էր այս օրերին. Ռազմիկ Դավոյան

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյան և գրականագետ Վարդան Դևրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին, ասացին, թե շատ կարևոր էր, որ հայ ժողովրդի համար կարևոր օրերին, երբ միասնականության անհրաժեշտություն կա, հայ ժողովրդի դուստրերից մեկը վերադարձավ իր արմատներին:

 

 

«Այն պատգամը, որ հղեց Վատիկանի հովվապետ Ֆրանցիսկոս պապը, այդ պատգամի շրջանակներում տեղավորվեց Քիմ Քարդաշյանի այցը: Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ Պապի կոչին»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։

 

 

«Քիմ Քարդաշյանի այցն իր արմատներին մոտենալու և միանալու մեր ընդհանուր պահանջատիրության խնդրին, ծածկեց այն բոլոր խոսակցությունները, որ կարող էին լինել: Համաշխարհային մամուլը, որ «մեռնում» էր մի կարգին տեղեկություն տալ Հայաստանի մասին, այս օրերին այդքան նշանավոր անդրադարձ արեց Հայաստանին»,– ավելացրեց նա:

 

 

Գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ ասաց, թե ամենուր պետք է որոնել լավը: «Քիմ Քարդաշյանի այցելությունն էլ պետք է նայել այդ տեսանկյունից: Հայուհին վերադարձավ իր արմատներին և ուրախություն պատճառեց իր երկրպագուներին: Նրա շնորհիվ միջազգային մամուլն այդքան լայնածավալ անդրադարձ կատարեց Հայաստան պետությանը»,-հայտարարեց Վարդան Դևրիկյանը:



Ռազմիկ Դավոյանն անդրադարձավ նաև Քարդաշյանի ամուսնու՝ աշխարհահռչակ ռեփ երգիչ Քանյե Ուեսթի՝ Կարապի լճի մոտ անցկացրած համերգին, որի ժամանակ վերջինս նետվել էր ջուրը, և ասաց, որ եթե ինքն էլ Հայաստանում լիներ, կմասնակցեր համերգին և անպայման կհետևեր նրան ու կնետվեր ջուրը:

Նույն շարքից