Հասարակություն 

Հայոց ցեղասպանության ճանաչելիության առումով Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու այցը բավական հաջողված PR ակցիա էր. Կարեն Քոչարյան

Մինչև մի շաբաթ առաջ կարելի էր ասել, որ քիչ բանով է երևում, որ հայ ազգը պատրաստվում է նշել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, բայց վերջին մի շաբաթում եղավ այն, ինչ չէր եղել վերջին 25 տարում՝ Հայաստանի ճանաչման, Ցեղասպանության ճանաչման առումով: Այն, ինչ վերջին 7-8 օրում պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով արվեց, դեռ մեծ արձագանք կունենա և լավ առումով իր հետևանքները կունենա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով ինչպես Վատիկանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի, այնպես էլ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցի, և դրանց ունեցած PR հետևանքների մասին, ասացին քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Վիգեն Հակոբյանը:



«Հիմնականում երկու թիրախային խումբ կա՝ Հայաստանի ներսում և դրսում: Ավելի հաջողված եմ համարում այն, ինչ ուղղված է դեպի դուրս: Հռոմի պապի մատուցած պատարագն ունի ոչ միայն եկեղեցական, այլ նաև բարոյական ու քաղաքական նշանակություն: Հետագայում մենք դրա արձագանքներն ավելի բարձր կլսենք»,- ասաց Վիգեն Հակոբյանը:



Նա ասաց նաև, թե ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչելիության առումով Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու այցը բավական հաջողված PR ակցիա էր, և վերջին 25 տարիների ընթացքում սա լավագույն շաբաթն էր Հայաստանի համար:

 

 

Կարեն Քոչարյանն էլ ասաց, թե միայն թվում է, թե հասարակությունը քնած է, բայց յուրաքանչյուր նոր ազդակ, որն իր հետ բերում է ազգային ինքնագիտակցության հարց, լուրջ արձագանք է ունենում:



«Շատ լուրջ երևույթ է, երբ 30 հազար ք/կմ տարածք ունեցող և 3 միլիոն բնակչություն ունեցող պետության մասին ամբողջ աշխարհը մի շաբաթ անընդհատ սկսում է խոսել: Հասարակությունը պատրաստ է ընդունելու յուրաքանչյուր նոր և լավ բան»,- ընդգծեց Քոչարյանը:

Նույն շարքից