«Հրապարակ» թերթը գրում է. «Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը, մնացածները չգիտեն՝ իրենք կա՞ն ցուցակում և որ հորիզոնականում են։ Սա շտաբի պետ Իշխան Զաքարյանի նոու-հաուն է, որը չի բացատրվել նրա կողմից։ Անգամ հումոր են անում, թե ԲՀԿ ակտիվը մինչև ընտրությունները կարող է նոսրանալ՝ ոմանք ինֆարկտ կստանան և կլքեն ցուցակը։
Ոմանք էլ տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը, անգամ դիմում են լրագրողների օգնությանը։ Բոլորն սպասում են փետրվարի 26-ին, երբ կլրանա թեկնածուների գրանցման ժամկետը, և ցուցակները պաշտոնապես կհրապարակվեն։
Մեզ հաջողվեց պարզել «Ծառուկյան դաշինքի» երկրորդ տասնյակը։ Պարզեցինք նաև Երևանի 4 ընտրատարածքների և մի քանի մարզերի ռեյտինգային թեկնածուների անունները։ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ տարածքում, որտեղ տիտանների կռիվ է սպասվում՝ Սամվել Ալեքսանյանը, նրա փեսա Կորյուն Նահապետյանը, պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ՀՎԿ-ից՝ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ի ֆավորիտը Հարություն Ղարագյոզյանն է՝ Կարամելի Հարութը, Հակոբ Նազարյանը, ԲՀԿ Մալաթիայի կառույցի նախկին գեներալ Արսեն Ֆիդանյանը և այլք։ Ի դեպ, խոսվում էր, որ Նաիրա Զոհրաբյանն էլ է այս տարածքում առաջադրվելու, սակայն մեր աղբյուրները հայտնեցին, որ նրան Ծառուկյանը խնայել է՝ ռեյտինգայինով չի առաջադրվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում