Քաղաքական 

«Ազատ դեմոկրատների» ցուցակը մեր տեսակի մարդկանց լայն կոնսոլիդացիա է. Ստյոպա Սաֆարյան

Ես կցանկանայի, որ Զարուհին շատ ավելի վաղ կայացրած լիներ հեռանալու մասին որոշումը, մենք նրան կհամոզեինք միանալ մեզ հետ և միասին շարունակել այն քաղաքական գիծը, որը «Ժառանգությունում» տանում էինք մինչև 2012 թվականը: Այդ դեպքում, միգուցե Զարուհին իր արժանի մասնակցությունն ունենար մեր խմբում: Analitik.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջին տասնյակում տեղ գտած, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցելու են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, արդեն ներկայացրել են իրենց ցուցակների առաջին 10 համարների անունները, որոշները՝ նույնիսկ ամբողջական ցուցակները: Ի՞նչ կասեք այդ ցուցակների մասին, եղան արդյո՞ք անակնկալներ:

-Նախ ասեմ, որ որպես ընտրական գործընթացի մասնակից, ինձ հետաքրքրել է, թե ովքեր են մեր մրցակիցները: Գաղտնիք չէ, որ մեր գլխավոր մրցակիցը Հանրապետական կուսակցությունն է, սակայն ոչ պակաս կարևոր էր իմանալ մյուս ուժերում տեղ գտած անձանց՝ ի վերջո բոլորս պայքարում են ընտրողի քվեի համար: Բայց ինձ համար առավել կարևոր էր հասկանալ, թե ովքեր տեղ կգտնեն մեր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակում և ինչպես հանրությունը կընդունի այդ ցուցակը: Պետք է ասեմ, որ հանրության կողմից արձագանքը դրական է մեր ցուցակի մասով: Եթե դրական չեն էլ արտահայտվում, գոնե չեզոքություն են պահպանում: Քննադատական խոսքը վերին աստիճանի քիչ է, ինչը թույլ է տալիս փաստել, որ մենք լավ թիմ ենք ներկայացրել և գլուխներս բարձր կարող ենք պայքարել: Ես նաև պետք է ասեմ, որ ուրախ եմ շատ մարդկանց համար, ովքեր հայտնվել են այս կամ այն ուժի ցուցակում՝ անգամ եթե նրանք մրցակից են, քանի որ ավելի լավ է կիրթ և գրագետ մրցակից ունենալ, ում հետ հնարավոր է բանավիճել և այլն: Հանրապետական կուսակցության առաջին տասնյակի մասով կարող եմ ասել, որ այնտեղ, կարծես թե, ինտելեկտուալ մարդիկ են հայտնվել, ամեն դեպքում՝ ՀՀԿ-ի օդիոզ դեմքերին չենք տեսնում: Իհարկե, ես հասկանում եմ, որ միայն նրանք չեն ներկայացնում այդ կուսակցությունը և վերջիններս ՀՀԿ-ի գեղեցիկ դիմակն են: Մյուս ցուցակներում էլ՝ ԵԼՔ դաշինքում, ՀԱԿ-ում, ՀՅԴ-ում և այլն, տեսնում եմ մարդկանց, որոնք իրենց տեսակով հարգանքի արժանի են և արժանի են նաև խորհրդարանում հայտնվել: Ինչ կորոշի ընտրողը, չեմ կարող ասել, դա ցույց կտա ժամանակը:

-Տեսեք, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը ներկայացնում եք Դուք, իր առաջին տասնյակի առաջին 4 տեղերում ունի հանրությանը հայտնի մարդկանց, ինչը չի կարելի ասել ցուցակում տեղ գտած մյուս գործիչների մասին: Ի՞նչ եք կարծում, դա չի խանգարելո՞ւ հաջողություն գրանցելուն:

-Ոչ…Եթե մենք ցանկանայինք ցուցակի առաջին տասնյակում ընդգրկել բացառապես հանրությանը հայտնի մարդկանց, հավատացած եղեք, որ կարող էինք դա անել: Ի դեպ ասեմ, որ նման մարդիկ կան մեր ցուցակի երկրորդ, երրորդ տասնյակներում, այսինքն՝ մեր ցուցակում կարող եք հանդիպել հայտնի, կայացած քաղաքական գործիչների: Ինչ վերաբերում է դրան, թե ինչու այդ մարդիկ չեն գտնվում առաջին տասնյակում, ապա դրա պատճառները մի քանիսն են: Նախ՝ պետք չէ մոռանալ օրենսդրական պահանջի մասին, որ ցուցակում պետք է լինեն այսքան տոկոս կուսակցականներ, այսքան տոկոս կանայք, այսքան տոկոս հանրային սեկտորից և այլն: Եվ հենց այդ տրամաբանությամբ է կազմվել ցուցակը: Բացի դրանից, մեր թիմում կան շատ պայծառ, հանրությանը հայտնի անհատներ, որոնք այս պահին այդքան էլ չեն ցանկանում իրենց գործունեությունը թողնել և պատգամավոր դառնալ, բայց իրենց տեսնում են թիմում, ուստի հայտնվել են մյուս տասնյակներում: Այդ մարդկանց թվում կան հիանալի փաստաբաններ, լրագրողներ, արվեստագետներ, հայտնի քաղաքական դեմքեր՝ նաև գործադիր իշխանության համար: Այսինքն՝ այնպես չէ, որ ցուցակը կազմվել է միայն խորհրդարանի համար: «Ազատ դեմոկրատների» ցուցակը մեր տեսակի մարդկանց լայն կոնսոլիդացիա է:

-Կասե՞ք, կա՞ն մարդիկ, որոնց կցանկանայիք տեսնել ձեր ցուցակում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու օր առաջ «Ժառանգությունից» հեռացած Զարուհի Փոստանջյանին: Եվ եթե հարցը մի քիչ լայնացնենք՝ ինչպե՞ս եք վերաբերվում տիկին Փոստանջյանի որոշմանը: - Հասկանում եմ, թե ինչ է այս պահին զգում Զարուհին, հասկանում եմ նրա հիասթափությունը, որովհետև մենք էլ ենք ունեցել այդ զգացումները: Զարուհին հանրությանը փոխանցեց այն, ինչ զգում է, բայց օրինակ ես դա չարեցի: Եթե վերադառնանք Զարուհու՝ հեռանալու մասին որոշմանը, պետք է ասել, որ դրա համար որոշիչ դարձավ խորհրդարանական ընտրություններին նախորդած հայտնի դեպքերը: Միգուցե նա հույսեր էր փայփայում, որ ամեն ինչ այլ կերպ կզարգանա, միգուցե նա մեզ քննադատի էլ, որ մենք չմնացինք միասին պայքարելու համար: Բայց ես հավատացնում եմ, որ դա անհնար էր և անհնար է նաև այժմ: Ես տեսել եմ, թե որքան կարևոր է այդ գիծը կուսակցության հիմնադիր և լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանի համար և չեմ ցանկացել նրա հետ բախում ունենալ: Ես չէի կարող փոխել կուսակցության այդ գիծը, իսկ եթե կարողանայի էլ, միգուցե ինձ նույնիսկ թույլ չտայի դա անել: Միգուցե, Զարուհին մտածում էր, որ ինքը կարող է փոխել, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա չեղավ: Ես իմ դասը քաղել էի 2014 թվականին, Անահիտ Բախշյանը 2016 թվականի ամռանը, իսկ Զարուհին՝ հիմա: Այսինքն՝ մենք տարբեր ժամանակներում եկանք այն եզրահանգմանը, որ չենք կարող փոխել տարվող գիծը: Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ հետևյալը. Եթե մենք այս հանգրվանին պետք է հայտնվեինք, միգուցե արժեր շատ ավելի վաղ միասին մտածել ինչ-որ նոր քաղաքական միավոր ստեղծելու մասին: Ես խոսում եմ «Ժառանգությունից» դուրս եկածներիս մասին: Պարզապես, այն ժամանակ ես հոգնել էի կուսակցության ներսում կռիվ տալուց, Անահիտ Բախշյանը դեռ որոշում չէր կայացրել, Զարուհին ավելի լավատես էր: Բայց, եթե իմանայինք, որ ամեն ինչ այս ավարտն է ունենալու, շատ ավելի ճիշտ կլիներ առանձնանալ և շարունակել այն գիծը, որը հիմա մեզանից երեքը՝ Գագիկ Բաղդասարյանը, Անահիտ Բախշյանը և ես, տանում ենք «Ազատ դեմոկրատների» հետ, Զարուհին՝ ընտրական գործընթացից դուրս: Ես կցանկանայի, որ Զարուհին շատ ավելի վաղ կայացրած լիներ հեռանալու մասին որոշումը, մենք նրան կհամոզեինք միանալ մեզ և միասին շարունակել այն քաղաքական գիծը, որը Ժառանգությունում տանում էինք մինչև 2012 թվականը: Այդ դեպքում, միգուցե Զարուհին իր արժանի մասնակցությունն ունենար մեր խմբում: Հավելեմ նաև, որ ես զանգ եմ ստացել Լարիսա Ալավերդյանից, ով ասաց, որ չի ցանկանում պատգամավորական գործունեությամբ զբաղվել, սակայն լիովին աջակցում է մեզ և մեր կողքին է: Ի վերջո, ծրագրային հիմքի առումով, մենք «Ազատ դեմոկրատների» հետ տարաձայնություններ չենք ունեցել: Այդ մասին ես ասել եմ և 2012 թվականին, և հիմա:

-Պարոն Սաֆարյան, վերադառնանք «Ազատ դեմոկրատներին»: Ձեր ներկայացրած քաղաքական ուժն այսօր մեկ հարցում տարբերվում է մյուս բոլոր ուժերից: Խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականությանը: Եթե ներքին քաղաքականության մասով բոլորի խոսքերը գրեթե նույնն են, ապա արտաքինում դա այդպես չէ: Իհարկե, կարելի է խոսել ԵԼՔ դաշինքի մասին, սակայն դուք նրանցից էլ եք տարբերվում: Ի՞նչ կասեք այս մասով:

- Նախ ասեմ, որ ճիշտ դիտարկում է: Հայաստանի համար այլընտրանքային արտաքին քաղաքական գծի առումով Ազատ դեմոկրատներն առաջատարն են: Մենք այս մասով շատ հստակ եք խոսել, իսկ թե ինչ կանեն մյուս ուժերը, ցույց կտա ժամանակը: Գիտեք, դեռ 2012 թվականին, երբ ես «Ժառանգության» անդամ էի և բանակցում էինք «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմելու համար, ամեն ինչ քննարկել ենք: Խոսել ենք նաև մտադրությունների մասին, ուստի Անահիտ Բախշյանի և ինձ համար այս անգամ ամեն ինչ շատ ավելի հեշտ եղավ: Մենք Խաչատուր Քոքոբելյանի հետ քննարկումներ ունեցանք միայն տեխնիկական հարցերի շուրջ, որովհետև հիանալի գիտեինք, թե ինչ քաղաքական հայացքներ ունենք: Արտաքին և ներքին քաղաքականությունները պետք է փոխկապակցված լինեն: Նրանք, ովքեր լռում են արտաքին քաղաքականության մասին և խոսում են միայն ներքին քաղաքականության վերաբերյալ, արդյունքի չեն հասնելու: Մեր ինստիտուտը, դեռ 2014 թվականին, հստակ կանխատեսումներ է արել, որ ԵԱՏՄ-ում մեր ցուցանիշները վատանալու են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տնտեսական ազատության, մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական իրավունքների հետ կապված ցուցանիշներին: Բոլորն իրականություն է դարձել: Ասեք խնդրում եմ, ինչո՞ւ ԵԱՏՄ-ի կողմնակիցները հիմա չեն խոսում այդ մասին: Եթե դու արտաքին քաղաքականության վեկտորները ճիշտ չես համադրում ներքին քաղաքականության հետ, մնացածը դառնում է կամ պոպուլիզմ, կամ ստախոսություն,կամ բարձրագոչ հայտարարություն:

-Եթե ամփոփելու լինենք մեր զրույցը, ինչպե՞ս եք գնահատում «Ազատ դեմոկրատների» հնարավորություններն այս ընտրություններում: Խնդրում եմ չմոռանալ ԶԼՄ-ներում հայտնվող այն տեղեկությունների մասին, որ այս անգամ ընտրակաշառքի չափերն անհամեմատ ավելի մեծ են:

 -Ես մեր շանսերը բարձր եմ գնահատում: Իսկ ինչ վերաբերում է ընտակաշառքի չափերին, դա կապ չունի: Միշտ էլ այդպես է եղել, նախորդ ընտրություններին էլ այն ժամանակվա հետ համեմատած են եղել ընտրակաշառքի չափերը: Ինձ չի զարմացնում այն, ինչ կատարվում է: Ես, իհարկե, աշխատելու եմ այն 40 տոկոսի հետ, ովքեր պատրաստ են իրենց ձայնը վաճառել կամ վարչական ճնշումների տակ այս կամ այն կերպ քվեարկել: Բայց եկեք չմոռանանք այն 60 տոկոսի մասին, ովքեր իրենց ընտրությունը կատարելու են՝ հիմնվելով այս կամ այն ուժի ծրագրի վրա: Մեր հիմնական հույսն այդ մարդիկ են, իսկ նրանք մեծամասնություն են: Եթե մեզ հաջողվի կազմակերպել այդ մեծամասնությունը և համախմբել մարդկանց, շանսերը շատ մեծ կլինեն: Իհարկե, քաղաքական վստահությունը, քաղաքական կապիտալը, որը ստեղծել են քաղաքական ուժերը, շատ փոքր է, բայց «Ազատ դեմոկրատների» քաղաքական ներուժը շատ մեծ է: Ես վստահ եմ, որ ընտրողը մեզ կհավատա: Մենք միշտ ավելի քիչ փող ենք ունեցել ու ծախսել, բայց դա չի խանգարել: Եթե հիշում եք, 2012 թվականին «Ժառանգության» ընտրարշավը կազմակերպվեց մեր՝ նախկին թիմի կերպարների վրա: Մենք ունեցանք հաջողություն անցած ընտրությունների ժամանակ: Շատ քիչ ծախսերով, օրինակ՝ ես մոտ 10 հազար քվե ստացա, իսկ իմ մրցակիցը, ով հսկայական գումար ծախսեց և լուրջ լծակներ օգտագործեց, ստացավ 19 հազար: Իհարկե, ես չեմ ասում, որ այդ 10 հազար մարդն էլի գալու են ու ընտրեն ինձ, պետք է աշխատել: Ամեն դեպքում, ես իրավունք չունեմ հուսահատվելու, քանի որ մարդիկ ինձ վստահել են, հավատացել են, իսկ եթե հիմա դա չլինի, ուրեմն խնդիրն իմ մեջ է: Պետք է ուղղակի շիտակ ներկայանալ մարդկանց ու նրանք կհավատան քեզ, հետևաբար՝ նաև ձայն կտան: Եթե մենք ճիշտ աշխատենք, «Ազատ դեմոկրատները» ոչ միայն կհայտնվեն խորհրդարանում, այլ նաև կարող են լուրջ դերակատարում ունենալ իշխանություն ձևավորելու հարցում:

Նույն շարքից