Հասարակություն 

Վարչապետի քաղաքական կամքը միֆ չէ. Թաթուլ Մանասերյան

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին, ասաց, որ դժվար է միանշանակ գնահատական տալը:



«Միանշանակ գնահատական կարող են տալ շատ շահագրգռված անձինք կամ կողմերը, ովքեր կամ շատ իշխանամետ դիրքերից կգնահատեն, կամ հակառակ բևեռից, որոնք սևացման միտում ունեն: Միանշանակ գնահատել չի կարելի հենց միջավայրի ոչ կայուն լինելով: Ոչ միայն տնտեսական,  այլ քաղաքական այնպիսի իրադարձություններ տեղի ունեցան այս մեկ տարվա  ընթացքում, որոնք չեն կարող չազդել կառավարության գործունեության վրա»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:



Տնտեսագետի խոսքով՝ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը բավական հոռետեսական կանխատեսումներ են ներկայացրել նույնիսկ զարգացած պետությունների համար, հետևաբար, այդ համատեքստում Հայաստանն էլ անմասն չի մնալու:



«Այնպես որ, կան և՛ լծակներ, և՛ սահմանափակումներ»,- ասաց Թաթուլ Մանասերյանը՝ հավելելով, թե քանի որ ձախողումների թեման շատ մոդայիկ է և շատերն են խոսում այդ մասին, նույնիսկ որոշ ուժեր միտումնավոր բացասականն են փորձում ներկայացնել, Թաթուլ Մանասերյանն ասաց, թե ինքն իր վրա անշնորհակալ գործ կվեցնի և դրականը կփորձի նկատել:



«Վարչապետի քաղաքական կամքը միֆ չէ: Կառավարությունը միշտ էլ կարող է նախահարձակ լինել: Կառավարությունն իր առանձին օղակներով ու կառույցներով կարող է լինել նախաձեռնող մի շարք ոլորտներում»,- նկատեց Մանասերյանը:



Շարունակելով գնահատական հնչեցնել վարչապետի գործունեության մասին, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Հարկային դաշտում բարեփոխումների փորձերը, որոնք ոչ միանշանակ ընկալվեցին, դրանց նպատակը խիստ դրական է, բայց նրբությունները բերեցին որոշ դժգոհությունների: Դա նաև իր քաղաքական պատճառներն ուներ»:



Բանախոսի գնահատականով՝ վարչապետը երկխոսությունը պետք է շարունակի: «Դա այն պաշտոնը չէ, որ պետք է վայելել, դա շատ պատասխանատու պաշտոն է և քննադատությունների թիրախ: Կա անկեղծ կամք, ցանկություն՝ դրական փոփոխություններ բերել Հայաստանի տնտեսական դաշտ: Թե որքանով է դա հաջողվում, այլ հարց է: Ոչ պակաս կարևոր էր գյուղացիական վարկերի ներդրումը, վարկի տոկոսադրույքի բեռը թեթևացնելը: Իհարկե, միայն սա  չի կարող աշխուժություն մտցնել, բայց սա շատ կարևոր քայլ է»,- նշեց Մանասերյանը:



Հարցին, թե վարչապետը կարողանում է իրականացնել պահանջվող՝ բիզնեսն անջատել քաղաքականությունից դրույթը, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Միայն վարչապետը ամբողջ միջավայրը մեկ տարում այնպես չի կարող անել, որ շատ տարիների ընթացքում ավերվածը վերականգնի: Կարող եմ հարցով պատասխանել՝ ո՞վ է այն հանճարը, որ կարող է մեկ տարում լուծել բոլոր խնդիրները»:
 

Նույն շարքից