Հասարակություն 

Մոսկվայի պետհամալսարանի երևանյան մասնաճյուղ կընդունվեն երկու քննությամբ. բուհի ռեկտոր

Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղ կարելի է ընդունվել` հանձնելով երկու քննություն` ռուսաց լեզու և մասնագիտական, հայտնեց Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Ալեքսեյ Պոլոսինը Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՄՊՀ պրոռեկտոր Դմիտրի Գեորգիևսկու հետ հանդիպման ժամանակ։



Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև բուհին արտոնագիր տրամադրելու, մասնագիտությունների, ընդունելության կարգի, դասախոսական կազմի ընտրության, պետպատվեր տեղեր տրամադրելու և այլ հարցերի:



ՄՊՀ-ի Երևանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսեյ Պոլոսինն իր հերթին հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի ՀՀ կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը, հետևաբար` կրթության որակի աճին: Ալեքսեյ Պոլոսինը տեղեկացրել է նաև, որ ընդունող հանձնաժողովը կազմված կլինի Մոսկվայի պետհամալսարանի դասախոսներից։



Արմեն Աշոտյանն իր հերթին  գոհունակություն է հայտնել, որ ԿԳ նախարարի և ՄՊՀ-ի ռեկտորի միջև Մոսկվայում փետրվարին կնքված համաձայնագրից  կարճ ժամանակ անց նախագիծը կյանքի է կոչվում: «Իհարկե, մասնաճյուղն առաջին հերթին կրթահետազոտական նախագիծ է, բայց այն միաժամանակ ունի քաղաքակրթական կարևորություն, որովհետև հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը միշտ կարիք ունի նոր դրսևորումների` ամրապնդելու մեր ժողովուրդների բարեկամությունը»,– նշել է նախարարը:



Հայաստանի կառավարությունը 2014 թվականի օգոստոսին հավանություն է տվել Երևանում ՄՊՀ մասնաճյուղի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկին։ 

Նույն շարքից