Այսօր ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները ի թիվս մի քանի հարցերի, բարձրացրեցին նաև «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հարցը: Նրանց խոսքերով, վերջինիս նկատմամբ խափանման միջոցը պետք է փոխել, քանի որ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ Արթուր Սարգսյանն արդեն 17 օր է հացադուլի մեջ է և ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կլինի այն, որ վերջինիս ազատ արձակեն: Մարուքյանը նաև հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ առավոտյան եղել է դատապարտյալների հիվանդանցում:
Մարուքյանի խոսքերով, ինքն ու Փաշինյանը միջնորդագիր են պատրաստել, որին կարող են միանալ բոլոր պատգամավորները: Միջնորդագիրը ներկայացվելու է դատախազությանը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակայնն էլ իր հերթին հայտարարեց, թե իրենք էլ են կողմ, որ Արթուր Սարգսյանը ազատ արձակվի: