Կարծում եմ` այդ հոդվածները հրապարակողներն ուղղակի չարագործներ են և ամեն կերպ ցանկանում են վնասել Անի Հովհաննիսյանի գործին: Մեր կայքի լրագրողի հետ զրույցի ժամանակ հայտարարեց Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով որոշ հրապարակումների, որոնք լինում են տարբեր օգտատերերի (երբեմն՝ կեղծ) կողմից, տարբեր կայքերում և որոնք իրականությանը չեն համապատասխանում.
-Պարոն Սիմոնյան, վերջին օրերին տարբեր կայքերում կարելի է հանդիպել հոդվածների, որոնք հրապարակվում են ինչ-որ անհայտ օգտատերերի կողմից: Դրանցում հայտնվում են տեղեկություններ, որոնց մասին Դուք կամ Ձեր պաշտպանյալը երբեք չեք խոսել: Ի՞նչ կասեք այդ հրապարակումների մասին:
-Ես կարծում եմ, որ նման հոդվածներ հրապարակողներն ուղղակի չարագործներ են և ամեն կերպ ցանկանում են վնասել Անի Հովհաննիսյանի գործին: Հորդորում եմ Անի Հովհաննիսյանի հետ կապված նման հոդվածներ ուղղակի չհրապարակել, առավել ևս որ դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Նույնիսկ դատական նիստերը լուսաբանող լրագրողներին ակնհայտ է, որ դատարանը դեռևս վկաներին չի ծանուցել դատական նիստի ներկայանալու համար: Դեռևս հետազոտում են գործում առկա փաստաթղթերը, տեսագրությունները, փորձագետների եզրակացությունները: Ուղղակի նման հոդվածներ հրապարակողները, կարծում եմ, իրական լրագրողներ չեն, այլ, այսպես կոչված, ինչ-որ անձանց համար ծառայող ֆեյքեր են, հետևապես չեն էլ կարող լիներ արժանահավատ:
-Իսկ նրանք, ովքեր հետաքրքրվում են գործով, ինչպե՞ս կարող են հավաստի տեղեկություններ ստանալ: Այսինքն, ո՞րն է աղբյուրը, որտեղից ստացած ինֆորմացիան 100 տոկոսով կհամապատասխանի իրականությանը:
-Սյն հոդվածները, որոնք անմիջականորեն իմ կողմից, կամ Անի Հովհաննիսյանի, կամ «Անալիտիկ.ամ» կայքի կողմից են, պետք է դիտարկել որպես 100 տոկոսանաց արժանահավատ: Բացի դրանից, դատական նիստերը լուսաբանում են տարբեր լրատվամիջոցներ և տարածում են արժանահավատ տեղեկություններ դատական նիստերի վերաբերյալ, դատական նիստերը նաև տեսանկարահանվում են:
Եվս մեկ նկատառում. xnews.am կայքում ինչ-որ հոդված է տպագրված Անի Հովհաննիսյանի հետ կապված: Հատուկ այդ կայքի համար ասեմ, որ անձը մեղավոր է ճանաչվում միայն դատարանի առաջադրված մեղադրանքում դատավճռով: Անի Հովհաննիսյանն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչվել, առավել ևս գործում առկա չէ որևէ ապացույց, նյութ, տվյալ, որ Անի Հովհաննիսյանը զանգել է ՎՏԲ բանկ և գումար պահանջել կամ խնդրել: