Փետրվարի 21-24-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ուժերով ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար կազմակերպվել են դասընթացներ` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակման թեմայով:
Հիմնական նպատակն էր մասնագիտական օգնություն ցուցաբերել կրթօջախների անձնակազմին` նշված պլանների պատրաստման հարցում:
Դասընթացին մասնակցում էին ՓԾ Կոտայքի և Արարատի մարզային փրկարարական վարչությունների սպաներ, մարզերի ուսումնական հաստատությունների տնօրեններ, փոխտնօրեններ և ուսուցիչներ:
Մասնակիցների ուշադրությանն են ներկայացվել ելույթներ հետևյալ թեմաներով՝
• Աղետների ռիսկի նվազեցման կրթությունը և դպրոցների անվտանգությունը.
• Ուսումնական հաստատության ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի բաժինները:
Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են օրինակելի պլաններ, որոնց հիման վրա վերանայվել են ուսումնական հաստատությունների կողմից մշակված պլանների նախագծերը: Պլանների ճշգրիտ մշակման համար տրվել են անհրաժեշտ մասնագիտական նյութեր, ծրագրեր, ինչպես նաև անվտանգության պահանջներն ապահովող իրավական փաստաթղթեր:
Ակնկալվում է, որ դասընթացի շնորհիվ ՀՀ Կոտայքի և ՀՀ Արարատի մարզերում վերապատրաստված մասնագետները կաջակցեն իրենց ուսումնական հաստատություննների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը:
Դա կխթանի ոչ միայն ուսումնական հաստատության վարչական, մանկավարժական անձնակազմի ու աշակերտների, այլև` ծնողների, համայնքի ղեկավար կազմի և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների աղետների ռիսկի նվազեցման գիտելիքների, կարողությունների, հմտությունների և մտածողության ձևավորմանն ու զարգացմանը:
Դասընթացները կազմակերպելու համար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է բազմաթիվ շնորհակալական խոսքեր: Մասնակիցները նաև ցանկություն են հայտնել, որ նման դասընթացները շարունակական լինեն: