Այսօր ԱԺ քառօրյա նիստի սկզբում մի քանի պատգամավորներ հանդես եկան «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանքի ու առողջության հետ կապված հարցերով և միջնորդեցին նրան ազատ արձակելու համար: Նախաձեռնության հեղինակը «Ելք» դաշինքն էր` հանձին Էդմոն Մարուքյանի ու Նիկոլ Փաշինյանի: Խորհրդարանում ստորագրահավաք էր մի միջնորդագրի տակ, որը ներկայացվելու է գլխավոր դատախազին՝ «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելու համար: Դրան միացել էին երկու տասնյակից ավելի պատգամավորներ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ խմբակցություններից:
Հասկանալի է, որ տվյալ դեպքում խնդիրն առավելապես բարոյական շարժառիթներ ուներ, քան քաղաքական: Սակայն նույնիսկ այդ հանգամանքը խանգարող դերակատարում չունեցավ, որ զսպեր այնպիսի մեկի պոպուլիստական հակումները, ինչպիսին է Տիգրան Ուրիխանյանը:
Ներկաների համար շատ անսպասելի սա հանկարծ սկսեց խոսել Արթուր Սարգսյանի մասին և պահանջեց նրան ազատ արձակել: «Հաց բերողին» ազատելու կոչն Ուրիխանյանի շուրթերից ավելի շատ անպատվություն է, քան օգնություն: Ուրիխանյան Տիգրանն ընդհատակ էր անցել հուլիսյան իրադարձությունների օրերին: Դրան հաջորդած ամիսներին ևս նա որևէ անգամ չանդրադարձավ ոչ «Սասնա ծռեր» խմբավորման և ոչ էլ դրա շուրջ կատարված դեպքերին: Երբ տասնյակ ու տասնյակ ակտիվիստներ էին բերման ենթարկվում, երբ ծեծեցին լրագրողներին, երբ մարդիկ սպանվեցին, Ուրիխանյանի իզութոզը վերստին չկար: Եվ հանկարծ այսօր` ոչ այս կողմ, ոչ այն կողմ, սա հանկարծ մեջտեղ է ընկնում ու պահանջում է ազատություն «Հաց բերողի» համար:
Պարզից էլ պարզ է, որ գլխավոր պատճառը իրավիճակի փոփոխությունն է ու մոտեցող ընտրությունները: Ընտրողների սիրտը շահելու համար Ուրիխանյանը հիմա ինչ ասես պատրաստ է հայտարարել, հազար անգամ կգնա իր խղճի դեմ, միայն թե կեղծավորությունն ու դեմագոգիան մատուցի մտահոգության փաթեթավորմամբ: Բայց եթե մյուս դեպքերը դեռ կարելի է մի կերպ մարսել, ապա «Հաց բերողի» պարագայում դա անհնար բան է, որովհետև հաց հարամ անող մարդն ի՞նչ պիտի իմանա, թե ինչ բան է հաց հասցնելը:
Աղբյուրը՝ shame.am