Հասարակություն 

ՀՀ ԱԻՆ-ն ակտիվացնում է համագործակցությունը Dasaran.am հարթակի հետ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ երեխաների համար անվտանգության կանոնները քարոզող և ուսուցանող էլեկտրոնային նյութեր ու խաղ մշակելու նպատակով, վերջերս համագործակցություն է սկսել կրթական ծրագրի առցանց հարթակ՝ Dasaran.am-ի հետ:

Օրերս փոխադարձ ճանաչողական այցով ակադեմիա էին եկել Dasaran.am համացանցային հարթակի ներկայացուցիչները՝ հիմնադիր նախագահ Ս. Ալոյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը հյուրերին ներկայացրեց ակադեմիայի լաբորատորիաները, գրադարանը, ինչպես նաև՝ գործունեության հիմնական ուղղությունները:

Հյուրերը շրջեցին ակադեմիայում, եղան Գերմանական Կարմիր խաչի կողմից կահավորված ճգնաժամային կառավարման խաղարկման լսարանում, որտեղ անցկացվում են իրավիճակային սցենարներով վարժանքներ: Ներկայացնելով լսարանի հնարավորությունները՝ ռեկտոր Հ. Մաթևոսյանը հատկապես կարևորեց մասնագետների պատրաստման գործընթացը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, մասնավորապես` Dasaran.am-ի բազմաթիվ այցելուներին (ուսուցիչներ, աշակերտներ ու ծնողներ) անվտանգության մշակույթի ձևավորման ուղղությամբ ուսումնական նյութերի տրամադրման, համակարգչային իրավիճակային խաղերի միջոցով ուսուցման, բնակչության պաշտպանության համար անհրաժեշտ գրականության մշակման ու տրամադրման վերաբերյալ:

Ակադեմիայի ռեկտորը և Dasaran.am հարթակի հիմնադիր նախագահը կարևորեցին նմանատիպ հանդիպումները, որոնք անվտանգության մշակույթի ձևավորման գործընթացի կառավարման հիմք են:

Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել էր ակադեմիայի աշխատակազմին սկիզբ դնել Dasaran.am-ի հետ համագործակցությանը և ակտիվ աշխատանքներ տանել այն նոր մակարդակ բարձրացնելու համար: Այդ նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը վերջերս այցելել էին կրթական ծրագրի առցանց հարթակ և ներկայացուցիչների հետ քննարկել հնարավոր համագործակցության եզրերը՝ դպրոցների ուսուցչական անձնակազմի և աշակերտների շրջանում անվտանգության մշակույթի, արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքականոնների ձևավորմանն ու ամրապնդման ուղղությամբ:

Նույն շարքից