ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան դրական է համարում և չի հասկանում ստեղծված «աժիոտաժը» նրա այցի շուրջ։ Այս մասին նախարարն ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
«Ինձ համար անհասկանալի է աժիոտաժը հասարակության տարբեր խավերի կողմից, հանդուրժողականության պակասը մեր հասարակության մեջ։ Մենք ամեն ինչ այնքան սուր ենք ընդունում, որ կարելի է ավելի հանգիստ տանել... Այս այցելությունը Հայաստան հատկապես Ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում, կարծում եմ, նաև լրացուցիչ լիցք հաղորդեց խնդրի նկատմամբ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու տեսանկյունից»,-ասաց նախարարը։
Հարցին, թե համաձա՞յն է կարծիքի հետ, որ Հայաստանի համար Քարդաշյանը մի քանի օրում արեց ավելին, քան իշխանությունները մի քանի տարում, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ։ Այնուամենայնիվ եկեք եկող շաբաթը ապրենք, տեսնենք՝ Հայաստան ժամանող հյուրերին, հետո դատողություններ անենք»։