Հասարակություն 

Ադրբեջանի հայ փախստականները Բաքվից 1 տրլն եվրոյի փոխհատուցում են պահանջում

Ադրբեջանի հայ փախստականները Բաքվից 1 տրլն եվրոյի փոխհատուցում են պահանջում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահության անդամ Տատյանա Մինասյանը։


 


«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն արդեն մի ամբողջ դար աչք է փակում Հայոց ցեղասպանության վրա։ Այնտեղից էլ սկսվել է հանցագործությունների հաջորդական ռեակցիա, որը տանում է Ադրբեջան»,– ասաց Մինասյանը։



Նա նշեց, որ Ադրբեջանի հայ փախստականները պահանջում են ադրբեջանցիների կազմակերպած Ցեղասպանության ճանաչում։ «Նաև պահանջում ենք մեր նախնիների արյունով ներծծված Հայրենիքի վերադարձ, պահանջում ենք Հայաստանին 1 տրլն եվրոյի հասցրած վնասների փոխհատուցում»,– նշեց Մինասյանը։



Ադրբեջանի հայերի ասամբլեայի նախագահության անդամ Սուսաննա Մելիքյանն իր հերթին նշեց, որ բազմաթիվ հզոր երկրներ, մասնավորապես, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան աչք են փակում մարդու իրավունքների ազատության հարցերի վրա։



«Միջազգային հանրությունն ու գերտերությունները պետք է վերանայեն հայկական տարածքներին վերաբերող հարցերը, որոնք հենց այնպես նվիրվել են Ադրբեջանին։ Այդ երկրի բնակիչները պնդում են, որ հայերը «զավթել են ադրբեջանական հողերի 20 տոկոսը», բայց մենք չենք խոսում, որ մեր տարածքները` Հյուսիսային Արցախը, Գանձակը, Հարդմանն ամբողջովին Ադրբեջանի կազմում են»,– նշեց Մելիքյանը։



Ըստ նրա, հայ փախստականները, որոնց թիվը Հայաստանում հասնում է մոտ 100 հազարի, առաջին տարին չէ, որ պայքարում են, որ միջազգային հանրությունն ուշադրություն դարձնի իրենց խնդիրներին, պատմական հայրենիքի զրկվելու խնդրին։



«Այնպիսի տպավորություն է, որ հենց գերտերությունները չեն ցանկանում մեր տարածաշրջանում կայունություն, և անում են ամեն ինչ, որ ազգային փոքրամասնությունների և փախստականների հարցն այդպես էլ չի լուծվել»,– ավելացրեց Մելիքյանը։

Նույն շարքից