Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է Վլադիմիր Պոտանինը։ Ի դեպ, վերջինս դիրքերը բարելավել է 7 հորիզոնականով։
Իսկ նախորդ տարվա ամենահարուստ գործարար Ալիշեր Ուսմանովն այս տարի 3-րդ հորիզոնականում է։
Երկրորդ հորիզոնականում է «Ալֆա Գրուպ» կոնսորցիումի համասեփականատեր և դիտորդական խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ում հարստությունը 14.6 մլրդ դոլար է։
Անդրադառնալով Forbes-ի ցուցակում ընդգրկված հայերին՝ հարկ է նշել, որ վարկանիշային աղյուսակի ամենատարբեր հորիզոնականներում է գտնվում 7 հայ գործարար։ Նրանց թվում առաջինը գործարար, «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնադիր և համասեփականատեր, 47-ամյա Սերգեյ Գալիցկին է (մինչ ամուսնությունը՝ Հարությունյան), ով հայտնվել է ցուցակի 15-րդ հորիզոնականում։ Նախորդ տարվա համեմատ նա զիջել է դիրքերը 2 հորիզոնականով։ Նրա կարողությունը 8.3 մլրդ դոլար է։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պահպանել է դիրքերը և, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը։ 49-ամյա գործարարի կարողությունը 4 մլրդ դոլար է։
Այնուհետ հաջորդում է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 43-ամյա գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը, ով զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը. ի տարբերություն նախորդ տարվա՝ նա 14 հորիզոնականով նահանջել է։ 1 տարվա ընթացքում նրա կարողությունը նվազել է 1 մլրդ դոլարով՝ կազմելով 1.6 մլրդ դոլար։
Հայազգի ամենահարուստ գործարարների թվում առավել ցայտուն առաջընթաց է գրանցել«Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնադիր, 46-ամյա գործարար Ռուբեն Վարդանյանը, ով 124-րդ տեղից տեղափոխվել է 92-րդ հորիզոնական։ Նրա հարստությունն անցած 1 տարվա ընթացքում ավելացել է 0.1 մլրդ-ով՝ կազմելով 0.95 մլրդ դոլար։
Վարդանյանին հաջորդում են «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերությունը ներկայացնող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, ովքեր անկում են գրանցել։ «Ռեսո Գրուպ»-ի 46-ամյա փոխնախագահ Նիկոլայ Սարկիսովն անցած տարի ունեցել է 0.2 մլրդ դոլարի կորուստ, ինչի հետևանքով 0.9 մլրդ դոլար ցուցանիշով զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը։ Իսկ 106-րդ տեղում գտնվում է նրա եղբայրը՝ «Ռեսո Գարանտիա»-ի տնօրենների խորհրդի 55-ամյա նախագահ Սերգեյ Սարկիսովը, ում կարողությունը ևս 0.9 մլրդ դոլար է։
Հայազգի ևս մի գործարար՝ 44-ամյա Ալբերտ Ավդոլյանը, ով Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, գտնվում է 120-րդ հորիզոնականում՝ 0.75 մլրդ կարողությամբ։ Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ չի փոխվել։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակին, ապա այն ունի հետևյալ դասավորությունը.
1. Վլադիմիր Պոտանին («Ինտերռոս», «Նոռնիկել»)՝ 15.4. մլրդ դոլար,
2. Միխայիլ Ֆրիդման («Ալֆա Գրուպ» )՝ 14.6 մլրդ դոլար,
3. Ալիշեր Ուսմանով («Մետալինվեստ», Mail.ru Group, «Մեգաֆոն»)՝ 14.4 մլրդ դոլար,
4.Վիկտոր Վեքսելբերգ («Ռուսալ»)՝ 14.2 մլրդ դոլար,
5. Ալեքսեյ Մորդաշով («Սևերստալ») 13 մլրդ դոլար
6. Վագիտ Ալեքպերով («Լուկօյլ»)՝ 12.2 մլրդ դոլար,
7.Լեոնիդ Միխելսոն («Սիբուր», «Նովատեկա»)՝ 11.7 մլրդ դոլար,
8. Վլադիմիր Լիսին («Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ»)՝ 11.6 մլրդ դոլար,
9. Գենադի Տիմչենկո («Նովատեկ»)՝10.7 մլրդ դոլար,
10. Միխայիլ Պրոխորով(«Օնեկսիմ»)՝ 9.9 մլրդ դոլար։