Ցանկանում եմ հույս հայտնել, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում ճշմարտությունը դուրս կգա ջրի երես, Անի Հովհաննիսյանը դուրս կգա ազատազրկման վայրից և կզբաղվի իր լրագրողական աշխատանքով, որով և զբաղվել է: Analitik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
-Պարոն Մեհրաբյան, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց՝ փաստացի շրջադարձային որոշում կայացնելով իր արտաքին քաղաքականության հարցում: Հիմա, կարծես թե, նոր փաստաթուղթ է պատրաստ: Ի՞նչ գիտենք մենք այդ փաստաթղթի մասին և ի՞նչ եք կարծում, այս անգամ նույն սցենարը հնարավո՞ր է:
- 2013 թվականի սեպտեմբերի 3-ի կատաստրոֆայից հետո Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները դրվելու են նոր հիմքի վրա: Պետք է ասել, որ ստեղծված իրավիճակում սա դրական զարգացում է՝ չնայած ոչ բավարար: Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ կարող է կրկնվել սեպտեմբերի 3-ի սցենարը, ապա ասեմ, որ այդ ռիսկն ամեն դեպքում կա, չնայած վերջն ամիսների ընթացքում այն նվազել է: Մյուս կողմից պետք է գիտակցել, որ այս նոր իրավապայմանագրային բազան չի ենթադրում այն առավելություններն ու արտոնությունները, որոնք կարող էին լինել ասոցացման համաձայնագրի շրջանակներում: Հավելեմ նաև, որ հետխորհրդային տարածքում հակադեմոկրատական միտումների պայմաններում այս փաստաթութղը և, հատկապես, դրա քաղաքական մասն էական աջակցություն կլինի Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:
- Սեպտեմբերի 3-ից հետո շատերը հայտարարեցին, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշման ներքո: Դուք ի՞նչ եք կարծում:
- Ես ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, որ դա այնպես է եղել: Դա եղել է մեկ գիշերվա որոշում, ինչի մասին ես խոսել եմ և կարող եմ կրկնել: Մինչև նախագահի Մոսկվա գնալը, նույնիսկ նրա մերձավոր շրջապատը տեղյակ չի եղել, թե ինչ է լինելու Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչի մասին վկայում է Գալուստ Սահակյանի՝ հենց սեպտեմբերի 3-ի հարցազրույցը, որ Հայաստանը Վիլնյուսում ստորագրելու է ասոցացման համաձայնագիրը:
- Տեսեք, մեր իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ արտաքին քաղաքականության մասով վարում են բալանսի քաղաքականություն: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ 4 տարի առաջ կայացված որոշումն այդքան էլ մեր իշխանությունների սրտով չի եղել: Ինչպե՞ս է ստացվում, որ մեկ այլ երկրից կարողանում են այդ աստիճանի ազդեցություն ունենալ անկախ և ինքնիշխան պետության վրա:
- Ամեն ինչ պատճառն այն է, որ իշխանությունն իր դիրքերը պահպանելու խնդիր ունի և այդ խնդիրը լուծում է Ռուսաստանի հետ նման աննորմալ հարաբերությունների միջոցով: Դա եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից սկսած, և Քոչարյանի քաղաքական ժառանգությունն առայժմ մնում է չհաղթահարված: Իսկ Ռուսաստանի կողմից վարած այս նեոկայսերպաշտական, չափազանց ագրեսիվ քաղաքականությունը համընկավ իմ նշած ժամանակաշրջանի հետ և Ռուսաստանն օգտագործեց Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների բոլոր խոցելի տեղերը:
-Պարոն Մեհրաբյան, Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը չափազանց լուրջ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական շրջանակների վրա: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ նման ազդեցություն լինի նաև իրավապահ դաշտի վրա: Որպեսզի ավելի պարզ լինի հարցս՝ հիշեցնեմ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի մասին, ով արդեն մոտ մեկ տարի է գտնվում է անազատության մեջ: Նա բազմիցս հայտարարել է, որ իր դեմ գործ է սարքվել և դրա մեջ մեղադրում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին:
- Ճիշտն ասած, ես ձեր խմբագրի գործին ծանոթ եմ մամուլի հրապարակումներից և ծանոթ եմ նաև այն վարկածին, որ գործի հետ առնչություն ունի Ռուսաստանի դեսպանատունը: Այսպես ասեմ, գոնե Պերմյակովի գործը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ազդեցություն ունի նաև Հայաստանի իրավական ոլորտի վրա և այդ ազդեցությունը միանշանակ բացասական է: Ինչ վերաբերում է Անի Հովհաննիսյանին, ես ցանկանում եմ հույս հայտնել, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում ճշմարտությունը դուրս կգա ջրի երես, ձեր խմբագիրը դուրս կգա ազատազրկման վայրից և կզբաղվի իր լրագրողական աշխատանքով, որով և զբաղվել է: Ես ուզում եմ հույս հայտնել, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ: