Նման նյութերը միայն մեկ նպատակով են տարածվում, որպեսզի սևացնեն Անի Հովհաննիսյանին: Մեր թղթակցի հետ զրույցում ասաց Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տեսանյութ են տարածում որոշ կայքեր՝ պնդելով, թե այն վերաբերում է հայտնի քրեական գործին:
-Պարոն Սիմոնյան, վերջին օրերին ինչ-որ կայքեր տեսանյութ են տարածում, որը վերաբերում է Անի Հովհաննիսյանին: Ներկայացվում է, թե այդ տեսանյութում գումարի մասին զրույց է ընթանում: Ի՞նչ կասեք այս մասին:
-Նախ ասեմ, որ այդ տեսանյութն արվել է 2014 թվականին և դա պարզ երևում է դրա ներքևի մասում, հետևապես չի կարող վերաբերել Անի Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործին: Բացի դրանից, տեսանյութում անձանց խոսակցությունները լսելի չեն, ուղղակի ինչ-որ «հեղինակի» կողմից բառային արտահայտություններ են գրվում, որով փորձ է կատարվում Անի Հովհաննիսյանին վերագրել իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ, որոնք վերջինս չի արել:
-Հրապարակված նյութում նաև նշվում է, թե այդ տեսանյութը վերցված է քրեական գործից և հանդիսանում է օրինական ապացույց: Դա իրո՞ք այդպես է:
-Քրեական գործից նման տեսանյութ չէր կարող վերցված լինել, քանի որ այդ տեսանյութը համացանցում տարածվում էր դեռևս այն ժամանակ, երբ քրեական գործը, եթե չեմ սխալվում, նոր էր հարուցվել, հետևապես նախաքննական մարմինը այդ փուլում որևէ մեկին իրավունք չուներ տեսանյութ տրամադրել: Բոլոր տեսանյութերը և ապացույցները, գործի բոլոր փաստաթղթերը կողմերին տրամադրվել են նախաքննության ավարտից հետո, որոնք կհետազոտվեն դատաքննության ժամանակ:
Ես բոլոր լրագրողներին խնդրում եմ ներկա լինել և լուսաբանել դատական նիստերը, որից էլ հանրությունը կտեղեկանա, թե ինչ ապացույցներ կան, դրանք օրինական են, թե օրենքի խախտումով են ձեռք բերվել և այլն:
Ասեմ նաև, որ անձին գաղտնի տեսանկարահանել և ձայնագրել թույլատրվում է միայն դատարանի համապատասխան որոշմամբ, և դա բոլորին է հայտնի:
-Լավ, իսկ ի”նչ կասեք նման տեսանյութեր և առհասարակ նյութեր տարածելու մասին, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:
-Դա, մեղմ ասած, միայն մեկ նպատակ է հետապնդում՝ սևացնել Անի Հովհաննիսյանին: Էթիկաս չի թույլատրում թե իմ և թե Անի Հովհաննիսյանի հասցեին արտահայտած այլ մտքերին պատասխանել: