Հասարակություն 

Կաթողիկոսն ընդունել է կաթոլիկ ուխտավորների

Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու ուխտավոր հոգևորականների` առաջնորդությամբ Իտալիայի Բերգամոյի թեմի առաջնորդ Ֆրանչեսկո եպիսկոպոս Պեսկիի: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին` Բերգամոյի եպիսկոպոսը ներկայացրել է ուխտագնացության ընթացքում ստացված իրենց հարուստ տպավորությունները: Իր խոսքում Ֆրանչեսկո եպիսկոպոսը նաև ուրախություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման նախօրեին խմբի` Հայաստան կատարած այցը պսակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպումով:

Այնուհետև ուխտավորներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` հանգամանորեն ներկայացնելով Հայ Եկեղեցու պատմական ուղին` քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց մինչ ներկայիս օրերը, Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներն ու խնդիրները: 

Նորին Սրբությունը խոսել է նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ գործակցության ու առկա եղբայրական ջերմ հարաբերությունների մասին: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին: Նորին Սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագետ զգացումներով է ընդունել Հռոմի Սրբազան Քահանայապետի այս քայլը, որը մեծ զորակցություն էր համայն հայ ժողովրդին:

Վեհափառ Հայրապետը նաև պատասխանել է կաթոլիկ եկեղեցականների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, հոգևորականների պատրաստությանը, քրիստոնեական դաստիարակության խնդիրներին և Եկեղեցու սոցիալական ծառայությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Իտալիայի հոգևոր հովիվ Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը:

Նույն շարքից