Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը լավ կանխատեսումներ չունի ՀՀ-ում դեմոգրաֆիական վիճակի վերաբերյալ։ «Այսօր դեմոգրաֆիական պատկերը ահազանգման տեսք ունի, ծնելությունը նվազում է և շարունակաբար նվազելու է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և կանխատեսեց, թե հեռու չի այն ժամանակը, երբ Հայաստանում մահացների թիվը կգերազանցի ծնվածների թվին:
«Այսօր դեռևս ունենք բնական աճ՝ 13000-ից 14 000-ով ծնվածները շատ են մահացածներից, իրավիճակը, սակայն, առնվազն 5 տարվա ընթացքում կփոխվի»,- ասաց նա և հավելեց, որ դրան էլ գումարվում է միգրացիոն հոսքը:
«Տարեկան 1%-ով կրճատվում է բնակչության թիվը»,-ասաց նա ու նկատեց, որ մահացությունը շարունակաբար աճում է, որն էլ հետևանք կլինի բնակչության ծերացման խորացման:
Իսկ հարցին, թե Կառավարությունը այն կանխելու համար քայլեր անում է, նշեց, թե չի կարծում, որ ռեսուրսները բավարար են որևիցե էական քայլ անելու համար:
«Քաղաքականության ինչ-որ էլեմենտներ կան, նորածնի համար միանվագ գումար է տրվում, 50 000 դրամ: Ես կարծում եմ, որ պետք է խթանվի այս պայմաններում երկրորդ երեխան, սա է մեր ժողովրդագրական բարօրությունը, ոչ թե երրորդ, չորրորդ երեխաների խրախուսումը»,- ասաց նա:
Ընդհանուր պատկերի փոփոխության համար, ըստ նրա, պետք է առաջինը ծնելիության վրա ներազդել: «Իսկ դա թանկարժեք միջոցառում, է և արդյունքը երաշխավորելը դժվար է; Եվրոպական երկրները այդ փաստի առաջ կանգնեցին և ահռելի միջոցներ ծախսեցին, որ շտկեն, սակայն արմատական փոփոխության չհասան, ընդամենը մեղմացվեց»,- ասաց նա: