Հասարակություն գլխավոր 

Անի Հովհաննիսյանի գործով դատարանն արդեն սկսել է հետազոտել տեսանյութերը

Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստից հետո մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ դատարանն այսօր շարունակել է հետազոտել գործում առկա փաստաթղթերը. «Սկսեցինք հետազոտել նաև տեսանյութերը: Նշեմ, որ ինչպես նախորդ նիստի ժամանակ, այնպես էլ այսօր, ակնհայտ էր, որ ներկայացված ապացույցներն օրենքի էական խախտումով են ձեռք բերվել: Մասնավորապես, գաղտնալսվել է փաստաբանի և վստահորդի հեռախոսազրույցը: Այս դեպքում խոսքը վերաբերում է փաստաբան Ռուզաննա Ազրոյանի և Արտակ Գալստյանի հեռախոսային խոսակցություններին»,- ասաց պարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ մեղադրողը դրանք ներկայացնում է որպես ապացույց, սակայն օպերատիվ-հետախուզության մասին օրենքի համաձայն, եթե խոսակցությունը տեղի է ունենում փաստաբանի և վստահորդի միջև, ապա այն ենթակա չէ ձայնագրման, իսկ եթե ձայնագրվել է, ապա անմիջապես ենթակա է ոչնչացման. «Հետևապես, այն չէր կարող ճանաչվել որպես ապացույց»:

«Բացի դրանից, մեղադրողն ապացույց է ճանաչել Տիգրան Ուրիխանյանի և Անի Հովհաննիսյանի, ինչպես նաև Անի Հովհաննիսյանի և Սարգիս Հարությունյանի միջև խոսակցությունը, որը գաղտնի է ձայնագրվել՝ առանց դատարանի համապատասխան որոշման: Սակայն համաձայն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար պաշտպանության մասին կոնվենցիայի, դա միջամտություն է անձնական կյանքին՝ գաղտնիության առումով, և նույնպես չի կարող հանդիսանալ ապացույց: Հաջորդ նիստին, երբ ներկայացված ապացույցներն առարկայական կհետազոտվեն, ես կներկայացնեմ համապատասխան միջնորդություն»,- նշեց դատապաշտպանը:

 Հարցին, թե տվյալ ձայնագրություններ անողը ենթակա չէ արդյո՞ք պատժի, Սիմոնյանն ասաց՝ ոչ. «Տվյալ դեպքում գաղտնի ձայնագրողը իրավապահ մարմնի ներկայացուցիչ չէ, և չկա պաշտոնեական դիրքի չարաշահման խնդիր: Ուղղակի պետք է փաստել, որ նման կերպ արված ձայնագրությունները չեն կարող ճանաչվել որպես ապացույց»:

Լրագրողի հարցին, թե մինչ այսօրվա նիստը, ներկայացվել են արդյո՞ք ապացույցներ, որոնք ձեռք են բերվել օրենքի շրջանակներում և հիմնավորում են մեղադրանքը, դատապաշտպանը նշեց, որ ապացույցներ, նյութեր կան, որոնք ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով, բայց դրանք որևիցէ կերպ չեն ապացուցում Անի Հովհաննիսյանի մեղքը. «Մասնավորապես, այսօր ուսումնասիրել ենք տեսանյութ, որտեղ ինչ-որ անձանց խոսակցություն է: Ըստ փորձագետի, ձայնագրությունում լսվում է Արտակ Գալստյանի ձայնը, ով կարծիք է հայտնում, թե Անի Հովհաննիսյանը շորթող չէ, նրա գլխին սարքում են և այլն: Իսկ մեղադրական եզրակացությունում մեկ այլ տեսանյութի վրա հղում է կատարվել, որտեղ նույն Արտակ Գալստյանը (նրան է վերագրվել) Անի Հովհաննիսյանի եղբոր մոտ ասում է, թե Անին շորթող է և այլն: Երկրորդ դեպքում դա դիտվել է որպես ապացույց, իսկ առաջին դեպքում՝ ոչ: Ամեն դեպքում դատարանն է վերջնական որոշումը կայացնելու՝ թե որն է ապացույց, որը՝ ոչ»:

Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստի տեսանյութը

Անի Հովհաննիսյանի  գործով դատական երրորդ նիստի տեսանյութը

Նույն շարքից