Հասարակություն 

Ջրառատում վիրավորված Ագլ մականունով Հակոբ Մելքոնյանի բարեկամները Մոսկվայից գալիս են Հայաստան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ջրառատում երեկ շարունակված միջադեպի ու դրա պատճառների առթիվ: Ինչպես հայտնի է, երեկ շարունակվել է ՕՐՕ–ի ու Լևոն Երանոսյանի կողմնակիցների միջև միջադեպը՝ վերածվելով արյունալի մարտի, որի արդյունքում ՕՐՕ–ի երեք կողմնակիցներ, որոնցից մեկն անչափահաս է, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ ոստիկանության՝ երեկ Ջրառատում ավտոմատից կրակած անձը բերման է ենթարկվել, որը նույն գյուղի բնակիչ, 35–ամյա Տ. Սարգսյանն է: Մինչդեռ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ինքնաձիգից կրակողը եղել է Ջրառատի գյուղապետի եղբայրը: Իսկ Ջրառատի գյուղապետը ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ տղան է, և գյուղացիների խոսքերով, նրա ջանքերով է գյուղապետ ընտրվել: «Փաստի» տեղեկություններով՝ Ջրառատում հիմնական կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ գյուղում ՕՐՕ–ի հանդիպման ժամանակ Երանոսյանների կողմնակիցները հայհոյել են ՕՐՕ–ին իրենց գյուղ հրավիրողին: Իսկ ՕՐՕ–ին Ջրառատ է հրավիրել սպորտսմեն, Ջրառատի գյուղապետի նախկին թեկնածու Ագլ մականունով 26–ամյա Հակոբ Մելքոնյանը:

Վերջինս էլ պարզել է հարաբերությունները իրեն հայհոյած Երանոսյանի կողմնակիցների հետ, ինչի ժամանակ էլ Լեռնիկ Երանոսյանը կրակել է իր «Մակարով» ատրճանակից: Երեկ տեսանյութ հրապարակվեց, որից երևում է, որ միջադեպին մասնակցել է նաև անձամբ ՀՀ տխրահռչակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, սակայն ոստիկանությունից հրաժարվեցին «Փաստին» պարզաբանել, թե ինչո՞ւ է փոխոստիկանապետը հայտնվել միջադեպի կիզակետում: Գյուղացիները պատմում են, որ Լևոն Երանոսյանը հիմնականում տարբեր սպառնալիքներով փորձում է իր ազդեցությունը պահել Ջրառատ գյուղում, անգամ գյուղապետի պաշտոնում զոռով անցկացրել է քրոջ տղային, սակայն Հակոբ Մելքոնյանը ևս պակաս կողմնակիցներ ու բարեկամություն չունի գյուղում ու չի վախենում Երանոսյանի սպառնալիքներից: «Փաստին» հասած տեղեկություններով՝ երեկվա միջադեպից հետո Մոսկվայից Հայաստան են գալիս Հակոբ Մելքոնյանի բարեկամները, ով էլ երեկվա միջադեպի արդյունքում հրազենային վնասվածք է ստացել ինքնաձիգից:

Ինչպես պատմեց ՕՐՕ–ի կողմնակիցների պաշտպան, փաստաբան Կարեն Մեջլումյանը, ըստ գյուղացիների, 17–ամյա Արայիկ Մելքոնյանին, ով Հակոբ Մելքոնյանի բարեկամներից է, դպրոցից գալիս հայհոյել են: «Դրանից հետո Հակոբը գնացել է պարզելու՝ ինչու են հայհոյել պատանուն, կրակողները գյուղապետարանից են դուրս եկել կարծես: Ոնց որ թե ուզել են ավտոմատով կրակել Հակոբի վրա, երեխան քաշել է ավտոմատից, էդ ժամանակ լոմով խփել են, երեխայի ձեռքը կոտրել»,–ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հավանաբար դրանից հետո կրակել են Հակոբի վրա ու դանակահարել մեկ այլ համագյուղացու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից