Հասարակություն 

Հայաստանում որբերի ճնշող մեծամասնությունը հայտնվում է մանկատներում սոցիալական պատճառներով․ ՅՈւՆԻՍԵՖ–ի հայկական գրասենյակ

ՀՀ կառավարությունը պետք է հասցեական օգնություն ցուցաբերի կարիքավոր ընտանիքներին, որպեսզի այդ ընտանիքների երեխաները չհայտնվեն մանկատներում, կարծում է ՅՈւՆԻՍԵՖ–ի հայկական գրասենյակի` Երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աննա Հարությունյանը։



«Բոլորը գիտեն, որ Հայաստանում որբերի ճնշող մեծամասնությունը հայտնվում է մանկատներում սոցիալական պատճառներով։ Պարզ ասած` երեխաներին մանկատուն են տալիս, որպեսզի նրանք քաղցած չմնան ։ Ստացվում է, որ այդ ընտանիքներին, օրինակ, ամսական 50 հազար դրամի չափով օգնություն ցուցաբերելու փոխարեն, պետությունը թույլ է տալիս, որ նրանք հայտնվեն մանկատներում, և նրանց պահելու համար եռակի է ծախսում», – խորհրդարանում երեքշաբթի ասաց Հարությունյանը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնդիրների քննարկման ընթացքում։



Նրա խոսքով` սա անտրամաբանական իրավիճակ է, որի հետևանքով պետությունը թույլ է տալիս, որ բյուջետային միջոցները անարդյունավետ ծախսվեն։ «Բնական է, որ առաջին հերթին կարևոր են ոչ թե փողերը, այլ այն, որ պետությունը հնարավորին չափ օգնի երեխաներին մնալ ընտանիքներում, որպեսզի նրանք չմնան առանց ծնողական խնամքի», – ընդգծեց Հարությունյանը։

Նույն շարքից