Հասարակություն 

The New York Times. Սպիտակ տունն ընդունում է տեղի ունեցած կոտորածները, սակայն խուսափում է եզրը գործածելուց

Սպիտակ տունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ամբողջովին և ազնվորեն ընդունում է 1.5 մլն հայերի կոտորածները, սակայն կրկին խուսափել է «ցեղասպանություն» բառը գործածելուց,գրում է The New York Times-ը:

 

Չնայած նախագահ Օբաման 2008 թվականի իր նախընտրական քարոզարշավի ժամանակ մեկ անգամ արդեն գործածել էր այդ բառը, սակայն նախագահական պաշտոնը զբաղեցնելու 6 տարիների ընթացքում, ելնելով իր ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքից, հրաժարվել է այն կիրառելուց:

 

Նախագահը շարունակել է այդ բառի գործածման հանդեպ իր քաղաքականությունը՝ հակադրվելով Ֆրանցիսկոս Պապին, որը վերջերս այդ ոճրագործություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և հավասարեցրել այն նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ-ում իրականացվող զանգվածային սպանություններին: Առաջին անգամ 1987 թվականին Ցեղասպանությունը ճանաչած Եվրախորհրդարանը անցյալ շաբաթ բանաձև է ընդունել՝ կոչ անելով Թուրքիային «հաշտվել իր անցյալի հետ»:

 

Այս ուրբաթ հայերը և նրանց համակիրները հիշատակելու է Ցեղասպանության մեկնարկի 100-րդ տարելիցը: Շատերը հույս ունեին, որ նախագահ Օբաման վերջապես կյանքի կկոչի իր խոստումը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերը հրամայել են քրիստոնյա հայերի մահաբեր ձերբակալություններն ու տեղահանումները: Օսմանյան իշխանության գործողությունները պայմանավորված էին այն վախով, որ Առաջին համաշխարհայինի ընթացքում հայերը կանցնեն իրենց թշնամի Ռուսաստանի կողմը:

Հայկական համայնքների ղեկավարներն ու նրանց դաշնակիցներն արտահայտել են Օբամային առնչվող իրենց հիասթափությունը: «Ցեղասպանություն եզրը գործածելու նրա ձախողումը մեծ հարված է մարդու իրավունքների պաշտպաններին»,- ասել է Բրայան Արդունին:

 

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանն ասել է, որ նախագահը ճնշված է արտաքին գործոններով: «Նախագահ Օբամայի՝ Թուրքիային տեղի տալն արտացոլում է ազգային հետընթացը: Ամեն ինչ շատ պարզ է. իրականության դավաճանությունը վստահության դավաճանություն է», – ասել է նա:

 

Նախագահական աթոռի համար պայքարելիս պրն. Օբաման քննադատում էր նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը այն բանի համար, որ նրանք հետ էին կանչել «ցեղասպանություն» եզրը օգտագործած իրենց դեսպանին: Որպես սենատոր` Օբաման կրկին աջակցում էր դրա գործածմանը: «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, անձնական կարծիք կամ էլ տեսակետ չէ, այն վավերագրված փաստ է», – 2008 թվականի հունվարի 19-ին իր հայտարարության մեջ ասել է պրն. Օբաման:

 

Երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ ներկայացրել են իրադարձությունների 100-րդ տարելիցի իրենց բանաձևերը: Այդ գործողությունները զայրացրել են Վաշինգտոնի դաշնակից Թուրքիային, որը էական դեր է խաղում ԻՊ դեպ պայքարում:

Նույն շարքից