Հասարակություն 

Թուրքիան կորցրեց հայ մտավորականությանը, սակայն չհաջողվեց ոչնչացնել մտավորականներին. Շառլ Ազնավուր

Թուրքիան կորցրեց հայ մտավորականությանը, սակայն չհաջողվեց ոչնչացնել մտավորականներին, LifeNews–ի հետ զրույցում ասել է հայտնի ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը։


«Եթե ցեղասպանությունը չլիներ, ապա Թուրքիայում մի շատ հայտնի երգիչ կլիներ, դա ես եմ։ Նրանք կորցրին հայկական մտավորականությանը, սակայն նրանց չհաջողվեց ոչնչացնել մտավորականներին։ Մենք կարողացանք գոյատևել, սակայն նրանք կորցրին մեծանուն մարդկանց, որոնք փախան այնտեղից և որոնք կարող էին լինել այդ երկրի մի մասը», – ընդգծել է նա։


Ազնավուրը նաև նշել է, որ հիմա Թուրքիայում արդեն կան մարդիկ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը, «և նրանց թիվն ավելանում է»։


«Երբ խոսում եմ ցեղասպանության մասին, խոսում եմ այն մասին, որ դա չի ճանաչվում պաշտոնական մակարդակով։ Հայերը երբեք այդ թեման չեն տարածել։ Թվում է, թե նրանք ամաչում են, չնայած պետք է ամաչեն ոչ թե նրանք, այլ ցեղասպանությունն իրագործողները», – նշել է նա։


Նշելով, որ այդ իրադարձությունները մնացել են անցյալում` երգիչն ասել է, որ հիմա` 21–րդ դարում, եկել է փաստերին այլ կերպ նայելու ժամանակը ։ «Մեր երկու ազգերն ընդհանուր շատ բան ունեն, և եկել է ժամանակը ճանաչելու այն ամենը, ինչ տեղի է ունեցել մեր միջև, հաղթահարել այդ արգելքն ու առաջ շարժվել», – ավելացրել է Ազնավուրը։


Շառլ Ազնավուրը չորեքշաբթի համերգ կտա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլում»։ Համերգի ժամանակ կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները։ Իսկ ապրիլի 24–ին Ազնավուրը կայցելի Երևան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար։


CNN–ը և TIMES ամսագիրը Ազնավուրին դարի լավագույն էստրադային կատարող են ճանաչել։ 70–ամյա կարիերայի ընթացքում մաեստրոն վաճառել է 100 մլն ձայնասկավառակ, գրել 1200 երգ, 80 դեր խաղացել ֆիլմերում։ Թողարկվել է 294 ալբոմ և կազմակերպվել է 1000 համերգ աշխարհի 94 երկրում։


Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։


Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգները, ինչպես նաև` Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ 

Նույն շարքից