Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին նշանակված Դարդանելի (Գալիպոլիի) ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին։
Անկարայում Վատիկանի դեսպանատնից թուրքական «Հյուրիյեթ» պարբերականին հայտնել են, որ Վատիկանի արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ Կարդինալ Պիտեր Կոդվո Ապիա Տարքսոնը վատառողջ է, այդ իսկ պատճառով չի մեկնելու Թուրքիա՝ մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին,1in.am
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սրբազան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իր խոսքում Պապն ասել է, որ «հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սրբազան պատարագից, ինչպես նաև Հռոմի պապի խոսքերից հետո Թուրքիայում հիստերիա էր առաջացել. խիստ քննադատական ելույթներով հանդես եկան Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այս տարվա հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն անմիջապես պատասխան նամակով հրաժարվել էր Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից՝ նշելով հրաժարվելու պատճառները:
Սպասվում է, որ վերոնշյալ միջոցառումներին մասնակցելու նպատակով Թուրքիա է ժամանելու 21 երկրի առաջնորդ։