Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարը միշտ եղել է Հայաստանի քաղաքական օրակարգի, հատկապես՝ արտաքին քաղաքական օրակարգի կարևոր մասը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է այդ պայքարում առաջատարի դեր ստանձնել:
Վ.Սարգսյանն ընդգծեց նաև, որ ակադեմիական առումով ևս Հայաստանի գիտական կենտրոնները՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, այլ հաստատություններ, միշտ պահել են ցեղասպանության հանցագործությունը իրենց ուշադրության կենտրոնում: Հայաստանն իր անկախության առաջին իսկ օրվանից, ըստ նրա, միջազգային բոլոր կառույցներում եղել է ցեղասպանությունը դատապարտող, ցեղասպանության հանցագործության դեմ ձայն բարձրացնող այն առաջատար պետությունը, որին հետևել են բազմաթիվ ուրիշները, այդ թվում՝ աշխարհի ամենահզոր պետությունները, և ընդունվել են փաստաթղթեր, բանաձևեր, որոնք ուղղված են այդ խնդրի լուծմանը:
Վիգեն Սարգսյանը միաժամանակ նշեց, որ իհարկե, միջազգային այդ պայքարում առաջատարի դեր խաղալու համար անհրաժեշտ են շատ ռեսուրսներ՝ մարդկային, գիտական, ինչպես նաև քաղաքական լծակներ, որոնք այդ պայքարը դարձնում են արդյունավետ: «Մենք համոզված ենք, որ եթե մեր կողքին կարող են կանգնել պրն. Մորենո- Օկամպոյի պես մարդիկ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը այսօր հստակ նշեց, որ ինքը Հայաստանի կողքին է այս պայքարում, մենք կարող ենք այդ պայքարում իրոք տեսնել արդյունքներ, որոնք կարող են փոխել աշխարհում այդ հանցագործության նկատմամբ վերաբերմունքը և արձագանքը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Մեկդարյա միջոցառումները համակարգող պաշտոնյան գոհունակություն հայտնեց միջացառումների լուսաբանման մեջ շատ կարևոր փոփոխության առնչությամբ. «Մենք տեսնում ենք, որ մեր բոլոր գործընկերները, ինչպես նաև լրատվամիջոցները շեշտադրումը դնում են որպես հանցագործությանն առհասարակ: Դա թույլ է տալիս իրականում այդ պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար տանել նոր, շատ ավելի կարծր՝ ընդհանրապես ցեղասպանության որպես հանցագործության դեմ պայքարի առումով»:
Վ.Սարգսյանը նշեց նաև, որ Հայաստանը իրականում շատ շնորհակալ է այն բոլոր գործընկերներից, ովքեր հագեցած օրակարգ ունենալով՝ շատ դեպքերում ընդամենը մի քանի ժամով Երևան ժամանելով, ինչպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ինչպես Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը, ինչպես պրն Մորենո- Օկամպոն, ով վարում էր այսօրվա առաջին պլենար նիստը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը, կարողացան գալ և կանգնել հայ ժողովրդի կողքին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի շրջանակներում՝ ասելով, որ «այլևս երբեքը», ցավոք սրտի, այս պահին դեռ չի աշխատել՝ Հայոց ցեղասպանությանը հետևել են շատ ցեղասպանություններ, և 20-րդ դարը դարձել է իրոք ամենադաժան ու ամենաարյունալի դարը մարդկության պատմության մեջ: